Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը շարունակվում է։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հուսով է՝ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն արդյունքները։ Դեսպանի խոսքով՝ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։
Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարեց․ - «Արևելյան գործընկերությունը կարող է շատ շոշափելի արդյունքներ բերել Հայաստանին։ Այժմ մենք միասին 2020 թվականի համար 20 նպատակների իրականացման գործընթացի մեջ ենք։ Դրանցից որոշ նպատակներ շատ ակտիվորեն են իրականացվում, և մենք սեղանին արդեն ունենք կոնկրետ որոշումներ՝ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ տրանսպորտային ցանցի ընդլայնման վերաբերյալ, կամ Թբիլիսիում Եվրոպական դպրոց հիմնելու վերաբերյալ, և այլն։ 20 նպատակների շարքում է նաև վիզաների ազատականացման նպատակը: Հուսով եմ՝ առաջիկա ամիսներին տեսանելի արդյունք կգրանցենք»:
Հետխորհրդային վեց երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան Եվրամիության հետ մերձեցնելու նպատակով ձևավորված Արևելյան գործընկերության համար 2019-ը հոբելյանական է։ Այս տարի նախաձեռնությունը նշում է իր կազմավորման տասնամյակը։ Մայիսի 14-ին Բրյուսելում անցկացվելու է նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովը։ «Ազատություն»-ը դեսպան Սվիտալսկիից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է համաժողովի ընթացքում ոչ պաշտոնական ձևաչափում կազմակերպվի Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ «Կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական առաքելությունն իրականացնում են Մինսկի խմբի համանախագահները, և նրանք ամբողջովին առաջնորդում են այս գործընթացը։ Իբրև Եվրամիություն մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու նախաձեռնություններին», - պատասխանեց Եվրամիության դեսպանը:
Կառավարության՝ կոռուպցիայի դեմ իրականացվող քաղաքականության մասին հարցին դեսպանը պատասխանեց՝ խուսափելով գնահատականներ տալուց․ - «Կոռուպցիայի դեմ պայքարը Արևելյան գործընկերության համագործակցության չորս սյուների շատ կարևոր մի տարր է համարվում»։
Դեսպան Սվիտալսկիի խոսքով՝ Եվրամիությունը պատարաստ է օժանդակել Հայաստանին կոռուպցիայի դեմ տարվող պայքարում․ - «Որպես Եվրամիություն մենք կաջակցենք Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարի գործում նոր օրենքների ընդունմանը, նոր հաստատությունների ստեղծմանը և հանրային կարծիքի ներգրավմանը»։