Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 600 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Բելառուսին. ՌԴ ֆինանսների նախարար


Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով, արխիվ
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով, արխիվ

Ռուսաստանը 600 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Բելառուսին նախկին ռուսական վարկերը մարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Նրա խոսքով՝ ևս 200 միլիոն դոլար Բելառուսը կստանա Եվրասիական հիմնադրամից ապրիլի վերջին։

Բելառուսն ավարտել է անհրաժեշտ միջոցառումները Եվրասիական հիմնադրամի հերթական՝ 7-րդ Տրանշը ստանալու համար։ Դրական որոշման դեպքում ապրիլի վերջին Մինսկը հիմնադրամից կստանա 2 միլիոն դոլար հայտարարել է Սիլուանովը։

Մինսկը Մոսկվայից նոր վարկ էր ուզում դեռևս անցած տարի։ Դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե պայմանավորվել է՝ Մոսկվան կտրամադրի մեկ միլիարդ դոլար, սակայն վարկի մասին Մոսկվան հայտարարեց այսօր՝ ապրիլի 2-ին։

Բելառուսը Ռուսաստանից ոչ միայն պարբերաբար վարկեր է ստանում, այլ նաև նավթ՝ Ռուսաստանի ներքին գներով, որը հետո վաճառում է այլ երկրների շուկայում։

Այս ոլորտում երկու երկրների միջև հաճախ են խնդիրներ ծագում. Մինսկը պարբերաբար կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին, և սովորաբար ռուս-բելառուսական հերթական սկանդալն ավարտվում է նոր վարկով, որ Ռուսաստանը տալիս է Եվրոպայում իր միակ դաշնակցին։

1996 թվականին երկու երկրները կնքել էին Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն ստեղծելու մասին համաձայնագիր, սակայն այն, ըստ էության, մնացել է թղթի վրա։

Վերջին շրջանում Մոսկվան պահանջում է, որ այս միութենական պետությունը դե յուրե հարթակից տեղափոխվի դե ֆակտո հարթակ, և երկու բարեկամ երկրները ստեղծեն միասնական արժույթով, միասնական ռազմական ուժերով միութենական պետություն։

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կատարած հարցումների, ռուսաստանցիների շուրջ կեսը՝ 48 տոկոսը, դեմ է Ռուսաստանի և Բելառուսի միավորմանը։

Ու թեև միասնական պետություն ստեղծելու մասին Մինսկն ու Մոսկվան հայտարարել էին դեռևս 1996-ին, հարցված ռուսաստանցիների 51 տոկոսն այս մասին ոչինչ չգիտի։

«Բլումբերգ»-ը վերջերս նույնիսկ գրել էր, թե Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար իշխանությունը 2024 թվականին պահպանելու համար հնարավոր սցենարներից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG