Ներկայումս կառավարությունը ունի 17 նախարարություն: Իշխանությունն առաջարկում է թիվը հասցնել 12-ի, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ իրենք 14-ի կողմնակից են․ - «Առաջարկվում է կառավարությունը կրճատել, բայց մեր կարծիքով, այդ կրճատումը ըստ էության ունի ֆորմալ, տեխնիկական բնույթ: Նախարարությունների թիվը կրճատել, ցույց տալ, որ նախարարությունները ավելի քիչ են, քան նախկինում էր, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկա»:
ԼՀԿ-ի նախագծի համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը դառնում է նախարարություն, և ծառայությունից դուրս է գալիս քննչական դեպարտամենտը ու միանում է Քննչական կոմիտեին: Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի մեջ ներառվում է ԱԻՆ-ը և Ոստիկանությունը: ՊԵԿ-ը միանում է Ֆինանսների նախարարությանը՝ առանց իր քննչական մարմնի։
«Այսպիսով բոլորը գալիս են խորհրդարանական վերհսկողության տիրույթ», - հայտարարում է Էդմոն Մարուքյանը: - «Վարչապետին ենթակա, կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքի մեջ, բոլորի համար կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է առաջին հերթին խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական երկիր լինելու խնդիրը: Որովհետև մենք խորհրդարանական երկիր լինելը հայտարարել ենք, բայց էդպես էլ չենք դարձել»:
Առաջարկը ենթադրում է նաևերեք փոխվարչապետի հաստիք, մինչդեռ կառավարության նախագծով երկուսը համարվում է բավարար։ Երրորդ փոխվարչապետը, ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, պետք է զբաղվի սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով։
«Ազատությունը» հետաքրքվեց Էդմոն Մարուքյանից՝ արդյո՞ք ակնկում են, որ երրորդ փոխվարչապետը կլինի ընդդիմության շարքերից, կամ ինչպե՞ս կվերաբերվեն նման առաջարկին:
Մարուքյանի արձագանքը․ - «Նման գաղափար ընդհանրապես չի քննարկվել՝ ընդդիմությանը զիջելու․․․ Այդ պահից սկսած այդ ուժը չի լինի ընդդիմություն, որովհետև կունենա կառավարությունում պաշտոն»:
Առաջարկների մի մասը ժամանակին նախկին իշխանություններին ներկայացրել է «Ելք» խմբակցությունը, որի անդամներ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աժ նախագահը ու փոխնախագահը, ինչպես նաև Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ազատության» հարցին, թե ինչպես են նրանք վերաբերվել ուժային կառույցները խորհրդարանական վերահսկողություն բերելու առաջարկին, Մարուքյանը պատասխանեց․ - «Նիկոլ Փաշինյանն ա ստորագրել: Ո՞նց կարող ա ինքը դեմ լինի մի բանի ու ստորագրի: Բոլորս էլ կողմ ենք եղել, որ այն ժամանակ, որ կառավարության կառուցվածք վերադառնան ոստիկանությունը, ԱԱԾ-ն, եկամուտների կոմիտեն: Դա Հայաստանի ընդդիմության երկար տարիների պայքարի թեզերից մեկն է եղել․․․ Անգամ չի եղել քննարկում՝ բայց կարո՞ղ ա պետք ա դա անել: Քննարկել ենք, որոշել ենք, արձանագրել ենք, նախագիծը պատրաստել ենք, ֆրակցիայի ղեկավարն էլ ստորագրել ա, ուղարկել ենք կառավարություն: Կառավարությունն էլ մերժել ա»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով ընդդիմության այլընտրաքային նախագծին, ասաց որ պատրաստ են քննարկումների, առաջիկայում ԱԺ կուղարկվի կառավարության նախագիծը, և «Լուսավոր Հայաստանը» կարող է ներկայացնել այդ բոլոր առաջարկությունները․ - «Ազգային անվտանգության ծառայության պետը և ոստիկանության պետը քաղաքական պաշտոններ չեն և քաղաքական պաշտոնյաներ չեն: Նրանք մարդիկ են, ովքեր որ հենց համակարգից են: Այո, նշանակվում են վարչապետի կողմից, բայց ներկայացնում են այդ համակարգը»: