«Մի քանի դրվագներում զգացվեց հատկապես երեկ, որ կարող են գնդակին տիրել: Երեկ գնդակին տիրելու հարաբերակցությունը հօգուտ մեզ էր։ Փոխանցումների մեջ խոտանը քիչ էր, որը շատ լավ է կրկին: Խաղից կարող ես գոհ լինել միայն այն դեպքում, երբ դա արդյունք է բերում։ Փաստացի մենք չունենք միավոր, չունենք արդյունք, ունենք խփած մեկ գնդակ, բաց թողած չորս գնդակ։ Ըստ իս, դա է պատմության մեջ մնում։ Հետագայում, երբ ապագա սերունդները նայեն աղյուսակին, տեսնելու են 0 միավոր առաջին երկու խաղից հետո: Փաստացի կորսված հնարավորություններ, և մեծ հաշվով, մենք նույն տաշտակի առջև ենք կանգնում: Նման պարագայում ասել, որ խաղը բավարարում է, դա մի քիչ ծիծաղելի է: Քանի որ սա մեր հավաքականն է, մենք նրանից սպասում ենք միավորներ: Ես բարոյական հաղթանակների կողմնակից չեմ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրում երեկ սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտություն կրեց Ֆինլանդիայից։ Իսկ անցած շաբաթ օրը առաջին խաղում մրցակցի դաշտում հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։
Մարզական մեկնաբանը նշեց, որ խնդիրները համակարգային են՝ միաժամանակ ընդգծելով․ - «Հիմա բավականին լուրջ մասնագետ է աշխատում ֆեդերացիայում՝ Խինես Մելենդեսը, ով մեղմ ասած լավագույններից մեկն է: Ինքը երկար տարիներ աշխատել է տարբեր տարիքային խմբերի Իսպանիայի հավաքականների հետ, հավաքականները հասել են խոշորագույն արդյունքների: Հիմա բավական խոշոր գումարով աշխատում է Հայաստանում, և եթե դա լինի տևական, գոնե 4-5 տարի, և նա կարողանա իր սխեմաները, իր պատկերացրած տեսլականը հաղորդել մեզ, մերոնք հավատան դրան, դա կարող է, օրինակ, 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը ինչ-որ մի ձև աշխատել»:
«Մյուս խաղում մեր առաջնային նպատակը պետք է լինի լավ խաղով և արդյունքով ազգին ուրախացնելը», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ շարունակելով․ - «Եթե արդյունքը լավ չի լինում, գոնե լավ խաղանք․․․ Անցյալ տարվանից էլ ասել եմ՝ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: 4-5 ֆուտբոլիստ արդեն իրենց նորամուտն են նշել․․․ Կփորձենք կամաց-կամաց մեր ունեցած լավագույն փորձառու ֆուտբոլիստների հետ երիտասարդներին էլ կամաց-կամաց ընդգրկենք կազմ, լավացնենք խաղը, լավ արդյունք անենք ոև փորձենք ազգին ուրախացնել»:
Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նախ պետք է աշխատել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, ինչի շնորհիվ կունենանք որակյալ կադրեր:
Նա ասաց, որ այդ ուղղությամբ ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ աշխատանքներ է իրականացնում․ - «Կարճաժամկետ պետք է փորձել այս հավաքականից ստանալ առավելագույնը: Բայց կարծում եմ, որ եթե աշխարհի լավագույն մասնագետներն էլ գան ու սկսեն աշխատել հավաքականի հետ, բնականաբար հավաքականը այս վիճակով իր առջև լրջագույն նպատակներ չի կարող դնել: Հետևաբար խնդիրը չեմ կապում մարզչի հետ: Գյուլբուդաղյանը նոր է սկսել աշխատել, պետք է ժամանակ տալ»:
Ֆեդերացիայի գործկոմի անդամ, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին դիտել է Հայաստան - Ֆինլանդիա խաղը, նշում է, թե ինչով է պայմանավորված իր ֆեդերացիայում լինելը և ինչ փոփոխություններ են սպասվում. - «Տարածքների համաչափ զարգացմանը զուգընթաց մենք նաև զարգացնում ենք ֆուտբոլը տարածքներում։ Առաջիկայում նախատեսվում է փոքր չափի ֆուտբոլի դաշտերի կառուցում նախ երկու մարզում՝ Վայոց ձորում և Գեղարքունիքում, և մի փոքր դաշտ Արարատի մարզում: Ամռան երկրորդ կեսին մենք նմանատիպ դաշտեր կունենանք արդեն Շիրակում և Տավուշում: Դրանք հնարավորություն կտան տարբեր համայքների երեխաներին ակտիվ խաղալ ֆուտբոլ, և կենցաղում տարածվի նաև ֆուտբոլային մշակույթը»: