Մատչելիության հղումներ

Զարգացումը այլևս այլընտրանք չունի Գյումրիում. Գործարար


Գյումրի համայնապատկեր, արխիվ
Գյումրի համայնապատկեր, արխիվ

Արտուշ Եղիազարյանը թեյարան է բացել Գյումրիում՝ մի քանի ընտանիքի հնարավորություն է ընձեռելելով հիմնել ընտանեկան բիզնես՝

Արտուշ Եղիազարյանը 16 տարի Շվեյցարիայում բնակվելուց հետո վերադարձել է ծննդավայր Գյումրի՝ փորձելով իր նպաստը բերել քաղաքի զարգացամանը: Մեկ տարի առաջ «Herbs and Honey» թեյարանն է բացել՝ ստեղծելով 13 հիմնական աշխատատեղ, մի քանի ընտանիքի էլ հնարավորություն է ընձեռել հիմնել ընտանեկան բիզնես՝ թեյարանին հումք մատակարարելով:

«35 հատ խառնուրդ ունենք, որ ստացել ենք մեր տեղական բույսերով, չրերով, համեմունքներով։ Մարդը կարող է թեյարան բացի, ասենք, զանգես դիսթրիբյութրին, ասես՝ ինձ 100 հատ թեյ բեր: Բերես, դնես ու վաճառես ուղղակի, իսկ մենք դրանից հրաժարվել ենք, մեր տեղականը հավաքել ենք, ընտանիքների շնորհիվ իհարկե, ու հետո, գիտական մոտեցում ցույց տալով, 35 հատ նոր պրոդուկտ ենք ստացել հայկական լրիվ, մաքուր, առողջարար ու համով։ Մենք փորձում ենք աշխատել միայն փոքր բիզնեսների հետ ընտանեկան կամ օգնում ենք, որ ստեղծվեն իրանք», - ասաց Եղիազարյանը՝ շարունակելով. - «Մի ընտանիքը, ասենք, մեղր է արտադրում, երկու ընտանիք էսօր աշխատում են մեղրի համար: Մի ընտանիք՝ խոտաբույսերի համար, մյուս ընտանիքին, օրինակ, աշխատանք ենք տալիս բնական հյութեր, սոկեր, կամպոտներ է արտադրում։ Մի ընտանիք Վանաձորում սպասքն է արտադրում: Մենք իրանց դիզայնը տալիս ենք, իրանք են անում: Հիմա մի ուրիշ ընտանիքի ուզում ենք հնարավորություն տանք, որ ձու արտադրի․ մենք մոտավորապես 200-250 հատ ձու ենք սպառում շաբաթական։ Կարող է մի ընտանիք 100 տոկոս ապրի դրանով, ինչի՞ գնամ մի հատ մեծ կամպանիայից գնեմ։ Էս էլ ընդհանուր համաշխարհային տնտեսական համակարգն է տենց, որ կամաց-կամաց մոնոպոլիաները՝ օլիգարխներ, բաներ․․․ բայց հիմա եկել է ժամանակը, որ փոքրները զարգանան»։

Գյումրիում բիզնես հիմնելը միշտ ռիսկայնին է համարվել: Գործարարը կարծում է, որ ռիսկայնությունը դեռ պահպանվում է: Ամեն դեպքում վստահ է, որ Գյումրին զարգանալու և առաջ գնալու լուրջ ներուժ ունի․ - «Ասեմ, որ զարգացումը այլևս այլընտրանք չունի Գյումրիում: Դա մեզանից է կախված, թե ինչքան արագ կգա, ամեն մեկից է կախված, թե մենք ինչքան ներդրում կունենանք, ինչ գործ կանենք»:

Հարկային բեռը մեծ չի համարում, բայց գտնում է որ Գյումրին ու Երևանը նույն սկզբունքով չպետք է հարկվեն: Գյումրիում, ասում է, շատերը բիզնեսը պահելու ու վնասով չաշխատելու համար ստիպված են կամ շատ ցածր աշխատավարձ տալ կամ էլ աշխատողին չգրանցել․ - «Էսօր գրանցում են նրանք, ովքեր կարող են գրանցել, բայց ես որպես գործարար, էստեղ արդեն տարիուկես գործունեություն եմ ծավալում, շատ-շատ բիզնեսներ կան նաև Գյումրիում հիմնականում, որ չեն կարողանում գրանցեն։ Էդ մարդիկ եթե գրանցեն բոլորին, պետք է փակվեն, կա էդ խնդիրը»:

Գյումրին զարգացման մեծ պոտենցիալ ունեցող քաղաք է համարում, հատկապես տուրիզմի ոլորտում: Սակայն դա միայն ներդողի խնդիրը չպետք է լինի, ասում է Եղիազարյանը: Պետության լուրջ անելիքն է այստեղ տեսնում ֆինանսական միջոցների ուղղորդմամբ, քանի որ մոտ 46 տոկոս աղքատություն ունեցող քաղաքում մասնավորն ինչ էլ անի, աղքատությունը չի կրճատվի։

«Էսօր ունենք 50 տոկոս աղքատություն։ Էստեղ ուզում եք բերեք Էյֆելյան աշտարակ դրեք, եթե 50 տոկոսն աղքատ է, ի՞նչ։ Դա կարող ենք հաղթահարել զբոսաշրջիկներ բերելով Գյումրի, իսկ զբոսաշրջիկին բերելու համար պետք է մեր քաղաքը կառուցենք, մաքրենք, սարքենք և շատ-շատ բարձր մակարդակով զբոսաշրջիկին ընդունենք և ճանապարհ դնենք։ Այսինքն մի քիչ վատ չհնչի, չակերտների մեջ, Գյումրին պետք է էսօր դիտարկել որպես բիզնես պրոեկտ», - նշեց նա։

Արտուշ Եղիազարյանն ասում է, որ դրսի մի քանի գործարարների հետ ցանկություն ունեն Գյումրիում մեծ ներդումներ անել, բայց դեռ տնտեսական հեղափոխության ազդակները չեն տեսնում․ - «Այո, պնդում եմ, որ պոտենցիալը շատ մեծ է։ Պետք է էստեղ ներդրում անել, բայց միաժամանակ, եթե ես պիտի մեկին խորհուրդ տամ, կասեմ՝ մի քիչ սպասեք։ Իրականում հստակ ազդակ է պետք այսօր։ Հեղափոխությունը էսօր է տեղի ունենում ինձ համար։ Մի տարի առաջ համակարգ փոխվավ, հեղափոխություն եղավ, որի համար շատ ուրախ եմ։ Մենք երևի էսօր ճիշտ ուղու վրա ենք, բայց այսօր էդ ճիշտ ուղու վրա գտնվելով ի՞նչ աշխատանք ենք կատարում, էս է շատ-շատ կարևոր», - ընդգծեց գործարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG