Մատչելիության հղումներ

Վահան Շիրխանյանին կանչել են ՀՔԾ


Վահան Շիրխանյան, արխիվ
Վահան Շիրխանյան, արխիվ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Շիրխանյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ կանչել են ոչ թե հարցաքննության, այլ հարց ուղղելու։

«Ինձ չեն կանչել հարցաքննության, կանչել են ասել` «կարո՞ղ ենք Ձեր հայտարարությունն ընդունել որպես ոճրագործության մասին հայտարարություն», ես ասել եմ` «այո՛, կարող եք»,- ասաց Շիրխանյանը։

«Ազատության» հարցին, թե այլ հարցեր իրեն չեն տվե՞լ, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց, որ ոչ։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ - «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

«Ազատության» հետ զրույցում Շիրխանյանը կրկին պնդել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում:

Մարտի 22-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ նյութեր են նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG