Մատչելիության հղումներ

Գյումրիում վերսկսվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները


Փողոց Գյումրիում
Փողոց Գյումրիում

Գյումրիում մի քանի ամսվա դադարից հետո վերսկսվել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Այն փողոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին, բնակիչների ու վարորդների համար բավականին անհարմարություններ էին ստեղծվել։

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ նման մեծ փողոցաշինական ծրագիր հնարավոր չէ իրականացնել առանց բնակիչներին անհանգստացնելու:

ՎԶԵԲ-ի տրամադրած 23.8 մլն եվրո արժողությամբ ծրագրի առաջին փուլը կավարտվի հունիսի 30-ին և մինչև օգոստոս կմեկնարկի 2-րդ փուլը:

Առաջին փուլում արած սխալները չկրկնելու համար 2-րդ փուլում այլ մոտեցում կցուցաբերվի, վստահեցնում է Բալասանյանը՝ նշելով՝ կփորձեն բնակիչներին ավելի քիչ անհանգստացնել:

«Որպեսզի այս իրավիճակը չունենանք, բերեք մայթն արեք էս տարի, թող ժողովուրդը կարողանա անցնի-գնա, երկրորդ տարին արեք փողոցը։ Ասում է՝ «մենք սրանով փորձ ձեռք բերեցինք»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բալասանյանը։

Ցանկացած ծրագրի իրականացման համար կարևորը գումարի հարցն է, ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, ասում է քաղաքապետը:

«Փողը կա, նախագծերը կան, ժամանակացույցը կա, պայմանագրերը կան, եթե որևէ մեկը թերանում է, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ են առաջանում, թող պատասխան տան էդ մարմիններին, որպես պատվիրատու մենք տույժ ու տուգանքներ կառաջարկենք, որովհետև այդպիսին են նաև պայմանագրի կետերը։ Այնպես որ որևէ խնդիր չկա, անհանգստանալու կարիք էլ չկա, կարևորը գումարը կա», - ասաց Բալասանյանը։

Փողոցաշինական միանգամից մի քանի ծրագրեր կիրականացվեն, որի արդյունքում, ըստ քաղաքապետի, Գյումրիի գլխավոր փողոցների շուրջ 60 տոկոսը կհիմնանորգվի:

«Մենք հինգը լոտերով ունեցանք շուրջ 792 հազար եվրոյի տնտեսում, առանց ԱԱՀ-ի եմ ասում այդ թվերը, մենք դեռ ունենք մոտ 34 փողոցներ, որ էս տարի կվերականգնենք և հիմա էդ 34 փողոցների հետ կապված մրցույթների արդյունքում անպայման կլինի տնտեսում», - ասաց Բալասանյանը՝ նշելով, որ այդ տնտեսված գումարները ևս կուղղվեն փողոցաշինությանը:

Բալասանյանն ասաց, որ Կառավարությունից էլ 280 մլն դրամի սուբվենցիա են ակնկալում, որը կրկին կուղղվի Գյումրիի քարուքանդ փողոցների նորոգմանը:

Կառավարությունը նաև հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը գույքագրելու է, թե Գյումրիում քանի տնակ կա ու ինչ կարգավիճակում: Քաղաքապետարանը տարիներ առաջ Գյումրիում 2 հազար 854 տնակ էր հաշվառել:

«Համարյա 54 բնակարան արդեն իսկ տրվել է, էս պահին 2 հազար 805 է, որից մոտավորապես չբնակեցված տնակները 451-ն են», - ասաց քաղաքապետը։

Մինչև հունիսի 30-ը հանձնաժողովն ավարտելու է հաշվառումը և առաջարկությունների փաթեթ ներկայացնելու կառավարությանը, թե որքան տնակ կա, քանի ընտանիքի նկատմամբ պետությունը պարտավորություն ունի:

Չնայած կառավարությունը հայտարարում է, որ ներդրումներ հոսք կա, սակայն, Գյումրիում դա նկատելի չէ, ասում է Սամվել Բալասանյանը. - «Այն ակտիվությունը, որը մենք ակնկալում էին, դեռ չկա։ Կլինի ինձ թվում է՝ կլինի»։

Քաղաքապետը Գյումրիի համար կարևոր մեկ ներդրումային ծրագիր ներկայացրեց, որով համայնքապետարանը հնարավորություն կունենա գումարներ տնտեսել:

«Սա շատ կարևոր ծրագիր է՝ էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաների կիրառումը Գյումրի քաղաքում։ Սրա վրա ներդրողներ շատ կան նույնիսկ բանկերն են ներդնում։ Ծրագրի արժեքն այս պահին 3 միլիարդ 34 միլիոն դրամ է, որից 50 տոկոսը ՎԶԵԲ-ը կտա։ Մենք տարեկան միայն էլեկտրաէներգիայի գումար մուծում ենք 188 միլիոն, բայց եթե այս ծրագիրը լինում է և 7 տարվա ընթացքում մենք կարող ենք դուրս բերել էս ծախսերը, մենք հնարավորություն կունենանք ևս 20 տարի մեր քաղաքն արտաքին լուսավորել լրիվ ձրի», - ասաց Բալասանյանը։

Քաղաքապետը դժգոհեց, որ դեռևս պահպանվում է համայնքների նկատմամբ անհավասար մոտեցումը: 2-րդ քաղաքը ստանում է 2 մլրդ դրամ դոտացիա, եթե գումարն ավելանա՝ հասնելով 5 մլրդ դրամի, ապա քաղաքում շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG