Նախկին խորհրդային տարածքում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն. այսօր, շատերի համար անսպասելի, հրաժարականի որոշում է ընդունել Ղազախստանի վետերան նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այդ մասին Նազարբաևը հաղորդել է հատուկ տեսաուղերձում:
«Հարգելի հայրենակիցներ, այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար որոշում նախագահի պաշտոնն ազատելու մասին», - ասել է նա:
Նազարբաևը հետխորհրդային աշխարհում ամենաերկարակյաց ղեկավարն է: Նա Ղազախստանի ղեկավարումը ստանձնել է 1990 թվականի ապրիլին՝ նախ որպես հանրապետության կոմկուսի առաջին քարտուղար, ապա՝ Ղազախական խորհրդային սոցիալիստական հանրապետության նախագահ, իսկ ԽՍՀՄ փլուզումից և Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր դարձել է այդ հսկայական ասիական երկրի նախագահը:
«Այս տարի լրանում է Ղազախստանում իմ ղեկավարության 30 տարին», - ասյօրվա ուղերձում նշել է Նազարբաևը:
Ի դեպ, նախքան բարձրագույն պաշտոնը զբաղեցնելը, Նազարբաևը Ղազախստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության վարչապետն էր (Նախարարների խորհրդի նախագահը):
Նուրսուլթան Նազարբաևը բնավ չի հեռանում քաղաքականությունից, ավելին՝ նա, կարծես, կարող է շարունակել ղեկավարումն այլ ձևաչափով:
Բանն այն է, որ Նազարբաևը կմնա Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահ և «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ:
Բացի այդ, Նազարբաևն ի պաշտոն է կրում է «Ազգի առաջնորդի» տիտղոսը:
Ղազախստանի սահմանադրության համաձայն, նախագահի հրաժարականի կամ մահվան դեպքում նրա լիազորությունները ստանձնում է Սենատի նախագահը, հիմա այդ պաշտոնում Կասիմ-ժոմարտ Տոկաևն է:
Եթե Սենատի ղեկավարը չի կարող ստանձնել այդ լիազորությունները, դրանք ստանձնում է խորհրդարանի մյուս պալատի՝ Մաժիլիսի ղեկավարը: Այսօր Մաժիլիսի նախագահը Նուրլան Նիգմատուլինն է:
Եթե նա էլ ինչ-ինչ հանգամանքների բերումով չի կարող կատարել նախագահի լիազորություններն, ապա դրանք ստանձնում է վարչապետը: Այսօր կառավարության ղեկավարը Ասկար Մամինն է:
Սահմանադրությունն այդ երեք հնարավորություններն է տալիս, բայց այսօր արդեն հայտնի է, թե դրանցից որ մեկն է նախընտրել Նազարբաևը:
Տեսաուղերձում նա հայտնել է, որ Սենատի նախագահ Տոկաևը կատարելու նախագահական լիազորությունները:
Նախագահական անցած ընտրությունները Ղազախստանում տեղի են ունեցել 2015-ին: Այն ժամանակ Նազարբաևի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 98 տոկոսը:
Հաջորդ ընտրությունները նշանակված են 2020-ին: Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի՝ Տոկաևը կնախագահի մինչև հաջորդ հերթական ընտրությունները:
Այս տարվա հուլիսին Նազարբաևը կդառնա 79 տարեկան: Վերլուծաբանների համոզմամբ, «Ազգի լիդերի» տիտղոսը նրան ընձեռել է գործնականում եթե ոչ ցմահ ղեկավարելու, ապա առնվազն Ղազախստանի քաղաքականության վրա մեծագույն ազդեցություն ունենալու հնարավորություն: