Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանաքային խումբ, որը կառավարությանը պետք է ներկայացնի համապատասխան օրենքի նախագիծ:
Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց նախագծի նպատակը․ - «Համաձայն կոնվենցիաների և միջազգային փորձի, հնարավոր չէ անձին մեղադրանք մեղադրանք առաջադրել շատ սահմանափակ դեպքերում: Անձի փախուստի, անձի մահվան, անձի հայտնի չլինելու դեպքում երկրները պետք է իրենց օրենսդրությամբ նախատեսեն քաղաքացիաիրավական ճանապարհով գույքի բռնագանձման ինստիտուտ: Այսօր Հայաստանում գույքի բռնագանձում հնարավոր է միայն քրեական ընթացակարգերով, ինչը խոչընդոտ է հանդիսանում միջազգային համագործակցության ոլորտում»:
Հարցին, թե ինչու հիմա որոշվեց նոր թափ տալ այս գործընթացին, Ազատյանը պատասխանեց․ - «Սա էվոլյուցիոն գործընթաց է, և իմ կարծիքով, ընդամենը զուգադիպություն է»:
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, ֆեյսբուքյան գրառմամբ հայեցակարգը որակել է «դանդաղ ռումբ Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ»: Հովհաննիսյանը պնդում է, թե փաստաթուղթը ստեղծվել է վարչապետի քաղաքական ամբիցիաների, այն է՝ «թալանչիներից» գույքը հետ բերելու նպատակով:
Նախկին իշխանությունների քաղաքական թիմի ներկայացուցիչը մտահոգ է, ոչ թե «թալանչիների», այլ հայեցակարգից բխող այլ ռիսկերի համար: Օրինակ, ներդրողների մասին, ըստ Հովհաննիսյանի, պետք է մոռանանք:
Լրացուցիչ մեկնաբանություն այս հարցի շուրջ Արփինե Հովհաննիսյանից ստանալ չհաջողվեց, իսկ նրա գրառման շրջանակներում բարձրացված մտահոգություններին Դանիել Ազատյանը համամիտ չէ․ - «Այս մեխանիզմի ներդրմամբ, ընդհակառակը, գործարար միջավայրի բարելավում է նկատվում, որովհետև եթե դու ունես բավարար գործիքակազմ՝ թույլ չտալու հանցավոր ճանապարհով գույքի շրջանառություն քո տնտեսությունում, դա խթանում է տնտեսության զարգացումը: Իհարկե, այն կոնտեքստում, որը ներկայացված էր, որ ցանկացած անձից կարելի է հարցնել գույքի ծագման վերաբերյալ ինչ-որ ապացույցներ, այդպես չի: Հայեցակարգը դա չի կարգավորում, հայեցակարգը դրա մասին չէ: Հայեցակարգը հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման մասին է, դատարանի կողմից ընդունված որոշմամբ և դատավարական բոլոր գործընթացները անցնելուց հետո»:
Դիտարկմանը, թե այնուամենայնիվ հարկավոր է ապացուցել, որ գույքը հանցավոր ճանապարհով է ձեռք բերված, Ազատյանն արձագանքեց․ - «Այո: Եվ մի շատ կարևոր փաստարկ․ Համաշխարհային բանկի զեկույցում ասված է՝ եթե կա բավարար գործիքակազմ, որպեսզի քրեական գործընթացներով դա բռնագանձվի, ապա այս համակարգը երբեք չի կարելի դիտարկել դրան փոխարինող: Պարտադիր պետք է երկիրը կիրառի առաջին հերթին քրեական դատավարական ընթացակարգերը: Եվ նշված դեպքերում գույքի տիրոջ անհայտ լինելը, մահը, փախուստը և համանման այլ դեպքերում նոր, քանի որ այլ տարբերակ չկա քրեական դատավարական գործընթացում, պետք են մեխանիզմներ քաղաքացիաիրավական գործընթացում այդ գույքը շրջանառությունից հանել»:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է հայեցակարգի վերնագրում նշված՝ առանց դատավճռի, Ազատյանը պատասխանեց․ - «Որովեհտև մեղադրական դատավճիռ կայացվում է անձի հանդեպ: Անձն է, որ կարող է լինել մեղավոր կամ անմեղ: Գույքը չի կարող լինել մեղավոր կամ անմեղ, գույքը լինում է օրինական կամ անօրինական, հանցավոր կամ օրինական: Առանց մեղադրականը վերաբերում է առանց անձին մեղադրական դատավիռ ներկայացնելուն: Բայց, միևնույն է, գույքը բռնագանձելու համար պետք է լինի համապատասխան դատավճիռ»:
Դանիել Ազատյանը հերքեց, թե նախագիծը բերվում է որպես լրացուցիչ օգնություն, որովհետև իրավապահ մարմինները չենք կարողանում ապացուցել, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի մեղավորությունը․ - «Բացարձակ: Կենտրոնական բանկը, առավել ևս՝ փողերի լվացվան և ահաբեկչության միջգերատեսչական հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանի իրավական համակարգը համապատասխանեցնել է միջազգային ստանդարտներին»:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, այս փուլում նախագծին ընթացք տալը քաղաքական նպատակահարմարության խնդիր է: Միևնույն ժամանակ, Ղազարյանն ասում է, որ գործընթացն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակում է: Սակայն դժվար է ասել, թե ինչքանով հնարավոր կլինի այդ գործիքակազմով, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի կամ օլիգարխների կողմից թալանված գույքը վերադարձնել պետությանը:
«Ավելի շատ դա պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որովհետև պետք է արագ ցույց տալ արդյունք: Իսկ իրավաբանությունը հնարավորություն չի տա շատ արագ արդյունք ցույց տալ, որովհետև այստեղ մարդու հիմնարար իրավունք է ճանապարհին կանգնած: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բայց հիմնվելով միջազգային իրավունքի թույլատրելի շրջանակների վրա, փորձ է արվում այդ ինստիտուտը ներմուծել: Լավ է, թող դա լինի: Բայց կիրառությունը դրա չափազանց բարդ ու դժվար է լինելու: Դրա համար պետք է օրենքները փոխվեն, պետք է մարդկանց թրեյնինգներ անել, դասավանդել, նախապատրաստել, իրավական մշակույթը փոխել: Դրա համար տարիներ են պետք․․․ Բայց ընդհանրապես ողջունելի է այդ ինստիտուտի ներդրումը, որովհետև երբեմն սպիտակ ձեռնոցներով դու չես կարող կազմակերպված հանցավորության դեմ պայքարել»: