Մատչելիության հղումներ

«Պայքարն ավարտված չէ, քանի դեռ Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ չեն»


Ոստիկանները բերման են ենթարկում Nida շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին, Բաքու, 2016թ.
Ոստիկանները բերման են ենթարկում Nida շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին, Բաքու, 2016թ.

Ադրբեջանում նախագահի համաներմամբ երեկ ազատ արձակված ընդդիմադիրները պնդում են՝ պայքարն ավարտված չէ, քանի դեռ ազատության մեջ չեն իրենց բոլոր համախոհները:

Իրավապաշտպանների հաշվարկով՝ Ադրբեջանում ավելի քան 120 քաղբանտարկյալ կա, նախագահ Ալիևի վերջին հրամանագրով, մինչդեռ, ազատ են արձակվել նրանցից մոտ չորս տասնյակը միայն։

«Քանի դեռ բոլոր քաղբանտրակյալներն ազատ չեն արձակվել, մենք պետք է շարունակենք արշավն իշխանությունների դեմ», - բանտից դուրս գալուց հետո հայտարարել է Nida շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը, ով ընկերոջ՝ Բայրամ Մամեդովի հետ, ճաղերի հետևում էր հայտվել, երբ մակագրություններ էր արել Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիևի արձանի վրա:

Իբրահիմովն ընկերոջ հետ 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել, կալանավայրում էլ բազմիցս ահազանգել խոշտանգումների ու ստորացումների մասին:

«Եթե հակառակորդը նահանջում է, մենք պետք է սաստկացնենք պայքարը և հասնենք նրան, որ բոլոր քաղբանտարկյլաներն ազատ արձակվեն: Ի վերջո, սա նշանակում է, որ Ադրբեջանում չարի վերջը եկել է», - ասել է ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Գիյաս Իբրահիմովը:

Պատժաչափից վաղաժամ ազատ արձակված մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Իլքին Ռուստամզադեն էլ պնդում էր՝ հպարտ է, որ ներման խնդրագիր չի գրել և անգամ բանտում չի դադարեցրել պայքարն Ալիևի բռնապետական վարչակազմի դեմ:

«Պայքարը շարունակվում է, չի կարելի կանգ առնել: Ինձ համար իմ անձնական ազատությունն ամենակարևորը չէ, ամենակարևորն Ադրբեջանի ազատագևումն է և ժողովրդավարական կարգերի հաստատումը երկրում», - ասել է Իլքին Ռուստամզադեն:

Նախագահ Ալիևի համաներումն այս անգամ տարածվել է նաև առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի վրա, ով 14 տարի է՝ ճաղերի հետևում էր՝ իշխանությանը մարտահրավեր նետելու համար: Վերջինս ժամանակին համարվում էր Հեյդար Ալիևի մերձավորներից մեկը, և նրա հետ էր հիմնել իշխող «Նոր Ադրբեջա» կուսակցությունը: 2005-ին՝ Հեդար Ալիևի մահվանից մի քանի ամիս անց, սակայն, Ինսանովը սկսել էր քննադատել նրա իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևին, ինչից հետո էլ ազատազրկվել էր՝ բռնի հեղաշրջում նախապատրաստելու հոդվածով: Ընդ որում, պատժաչափի ավարտին, երբ Ինսանովի ազատ արձակմանը մնացել էր ընդամենը 53 օր, իշխանությունները նրա դեմ նոր գործ էին հարուցել և ևս 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ կալանավայրում ոստիկանի դեմ բռնություն գործադրելու և թմրամիջոցներ պահելու համար:

«Կարծում էի՝ մինչև կյանքիս վերջը մնալու եմ բանտում»,-«Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է 72-ամյա գործիչն՝ ընդգծելով՝ ազատության մեջ է հայտնվել միջազգային կառույցների ճնշման շնորհիվ:

«Ինձ ձեռնաշղթաներից ազատել են Միացյալ Նահանգների կառավարությունը, Կոնգրեսն ու եվրոպական կառույցները: Ես, սակայն, մտադիր չեմ դադարեցնել պայքարս: Փաստացի, ընդամենը ռեժիմի փոքր բանտից դուրս եմ եկել մեծ կալանավայր, և մնալու եմ ընդդիմության շարքերում, մինչև Ադրբեջանում չհարգվեն մարդու ազատություններն ու իրավունքները», - ասել է Ալի Ինսանովը։

Վերջին համաներմամբ ազատ են արձակվել նաև լրագրող Ֆիքրեթ Ֆարամազօղլուն, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Ալիքրամ Խուրշիդովը, Ժողովրդական ճակատի փոխնախագահներ Գոզել Բայրամլին ու Ֆուադ Ղահրամանլին: Ընդ որում, իրավապաշատպանները փաստում են, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահն առաջին անգամն է նման շռայլություն ու բարեգթություն ցուցաբերում՝ ազատ արձակելով միանգամից մոտ քառասուն ընդդիմադիրների:

Անցած տարի, օրինակ, համաներմամբ ազատ արձակված ավելի քան 600 կալանավորների շարքում ընդամենը 12 քաղբանտարկյալ էր ներառվել:

XS
SM
MD
LG