Անցած շաբաթ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում ակնհայտ բարելավում նկատվեց: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները գոհունակությամբ նշեցին ժողովրդավարական հաստատություններ հիմնելու, կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի կառավարության և նրա ղեկավարի վճռականության մասին:
Եվրամիությունը Հայաստանին շուրջ 176 միլիոն եվրո է տրամադրել բարեփոխումների համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում բանակցություններից հետո լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարություններով: Յունկերը խոսեց Հայաստանին աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին և հայտարարեց, որ կողմ է վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները որքան հնարավոր է շուտ սկսելուն, որպեսզի հայերը կարողանան ազատ մեկնել Եվրոպա:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ստորև՝ հատված հարցազրույցից․
«Ազատություն»․ -Ի՞նչ կարող եք ասել՝ կոնկրետ ե՞րբ կարող է մեր քաղաքացին գնալ, տոմս գնել, նստել օդանավ և թռչել Փարիզ, վայրէջք կատարել Փարիզում՝ առանց վիզային գլխացավանքի:
Ռուբեն Ռուբինյան․ - Այստեղ կարևոր է նշել, որ, նախ, Եվրամիությունը ինքնին աջակցում է այս գործընթացին, այսինքն՝ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները այս այցի ընթացքում կրկին վերահաստատել են իրենց աջակցությունը այս գործընթացին: Բայց պետք է հաշվի առնել, որ վիզաների ազատականացումը կախված չէ միայն Եվրամիությունից՝ որպես կառույց, այլ կախված է նաև Եվրամիության անդամ պետություններից, և շատ ավելի լայն համատեքստ է տալիս այս հարցին՝ դրա հետ կապված տեխնիկական հարցեր կան, կան նաև քաղաքական հարցեր: Ի վերջո, վիզաների ազատականացման որոշումը լինելու է քաղաքական, որովհետև զուտ տեխնիկական առումով Հայաստանը, կարծում եմ, ապացուցել է, որ պատրաստ է ազատ վիզային ռեժիմի:
Այստեղ սրան ավելանում է նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացման փորձը, որը գուցե ԵՄ որոշ անդամ պետությունների մոտ որոշակի մտավախություն է առաջացրել:
«Ազատություն»․ - Այո, նրանք շատերը գնացել, չեն վերադարձել․․․
Ռուբինյան․ - Այո: Բայց մեր դիրքորոշումն է, որ սա պետք չէ պրոյեկտել Հայաստանի վրա, մեր դիրքորոշումն է, որ Հայաստանը ապացուցել է, որ տեխնիկապես պատրաստ է դրան, և ապացուցել է, որ քաղաքականապես շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից հետո այնպիսի ազդակ ստանալը Եվրամիության անդամ պետություններից, որը ցույց կտա, որ եվրոպական երկրները աջակցում են Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին՝ նաև աջակցելով վիզաների ազատականացման երկխոսության հնարավորինս արագ մեկնարկին:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․