Մատչելիության հղումներ

2018-ին Լոռու մարզում գրանցվել է կաշառք ստանալու և կաշառք տալու 70 դեպք. Լոռու մարզի դատախազ


Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, 2018 թվականին Լոռու մարզում գրանցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության 70 դեպք, մինչդեռ 2017-ին՝ ընդամենը 3։

Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում դեպքերի գրանցման էական տարբերությունը հասարակություն - իրավապահ մարմիններ համագործակցության արդյունքն է: Նրա խոսքով՝ հասարակությունն անհանդուրժող է դարձել երևույթի նկատմամբ, այդ է վկայում նաև երկու օր առաջ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյայի ձերբակալությունը՝ կաշառք ստանալու կասկածանքով:

Դատախազը առնվազն տարօրինակ է համարում պաշտոնյաների նման գործելաոճը՝ վստահեցնելով, որ անկախ պաշտոնից, դիրքից և հեղինակությունից նման արարք կատարելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

«Որոշ պաշտոնատար անձանց համար անհասկանալի և անընդունելի է այս մոտեցումը, որ էս երևույթը անհանդուրժելի է, ով ուզում է լինի։ Քաղաքապետարանի աշխատող կլինի, մարզպետարանի աշխատող կլինի, թե այլ պաշտոնատար անձ կլինի, եթե կփաստվի էդ անձի կողմից էդ հանցագործությունը կատարվել է, հետևաբար ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Իմ համար անընդունելի և անհասկանալի է, որ որոշակի պաշտոնատար անձանց համար ընկալելի չէ էս մոտեցումը։ Եվ փորձում են, ըստ էության չգիտեմ, մտածել՝ երևի թե սա աշխատանքի իմիտացիա է։ Ես հավաստիացնում եմ, որ աշխատանքի իմիտացիա չկա», - նշեց Մարտիրոսյանը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկիոն Ասլանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած կառույցի աշխատակցի ձերբակալության մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Դատապարտելով տեղի ունեցածը՝ Ասլանյանն ասաց, որ նման երևույթները պետք է արմատախիլ արվեն, միևնույն ժամանակ ընդգծեց՝ մշտապես զգուշացրել է աշխատակիցներին նման գործելաոճ չդրսևորել:

«Երկու տարվա մեջ չկա մի խորհրդակցություն, չկա մի հանդիպում մեր բաժնի պետերի, աշխատակազմի հետ, որ իմ շուրթերից չհնչեն այդ խոսքերը, որ չի կարելի ժողովրդի նկատմամբ դրսևորել նման գոծելաոճ, դադարեցրեք, որովհետև մեզ էլ են տարբեր տեղերից բամբասանքների միջոցով, ասեկոսեների միջոցով նման լուրեր հասնում, որ կան արատավոր երևույթներ։ Բնականաբար, ես օպերատիվ աշխատակից չեմ, բայց ամեն դեպքում մեր հորդորները, մեր կանխարգելիչ միջոցառումները, եթե իրենց ազդեցությունը չեն թողնում, ապա դրանով, բնական է, պիտի զբաղվեն իրավապահ մարմինները», - ասաց Վանաձորի քաղաքապետը։

Քաղաքապետարանի պաշտոնյայի ձերբակալության դեպքի վերաբերյալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Դատապարտելով կատարվածը՝ Ղուկասյանը հորդորել էր Լոռի մարզի բոլոր կառույցների պաշտոնյաներին և աշխատակիցներին զերծ մնալ նման գործելաոճից՝ վստահեցնելով, որ մարզում գրանցված ցանկացած ահազանգ անհետևանք չի մնա:

Ի դեպ, մարզի դատախազը իր խոսքում նշեց, որ ակտիվ համագործակցում են մարզպետ Ղուկասյանի հետ: Մարզպետարանից ստացված գրությունների հիման վրա արդեն իսկ քրեական գործեր կան հարուցված:

«Եթե իրենց ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերվում է ենթադրյալ չարաշահումներ, ենթադրյալ հանցագործության դեպքեր, ես պարբերաբար մարզպետի կողմից ստանում եմ համապատասխան գրություններ։ Բնականաբար, էդ գրությունները օրենքով սահմանված կարգով ուղարկվում են կամ քննչական մարմին, կամ հետաքննության մարմին և հանձնարարվում է ստուգել էդ տվյալները։ Ստուգման արդյունքներով ունենք նաև հարուցված քրեական գործեր», - ընդգծեց Մարտիրոսյանը։

Ըստ դատախազի ներկայացրած տվյալների՝ 2018-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրվածքով ավարտված քրեական գործերով պետությանը հասցված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 1 միլիարդ 300 հազար դրամ, որից վերականգնվել է շուրջ 116 միլիոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG