Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Անի համայնքում. պահանջում են համայնքապետի հրաժարականը


Բողոքի ակցիայի մասնակից, Մարալիկ, 4-ը մարտի 2019 թ.
Բողոքի ակցիայի մասնակից, Մարալիկ, 4-ը մարտի 2019 թ.

Անի խոշորացված համայնքի համայնքապետարանի մուտքը այսօր առավոտյան կրկին փակվեց հանրապետական համայնքապետ Արտակ Գևորգյանի առջև: Հավաքվածների պահանջը չի փոխվել․ համայնքապետի հրաժարականն են պահանջում:

«Շարունակում ենք մեր բողոքի ակցիաները, ինչպես հայտարարել ենք ամիսներ առաջ, մինչև հրաժարականը», - ասաց ակտիվիստներից մեկը։

Այնինչ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը անընդմեջ հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Նա չի ընդունում նաև իր հասցեին հնչող մեղադրանքները:

Մարալիկցիներն այս հարցը բարձրացրել էին նաև Մարալիկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Վարչապետն էլ առաջարկել էր ստորագրություններ հավաքել ու հարցը լուծել:

«Ես առաջարկում եմ հետևյալը՝ եթե էդ խնդիրը էդքան հասունացած է, համայնքի ընտրողների մեծամասնությունը պետք է ասեն, որ իրենք համաձայն են այդ տեսակետին, որ համայնքի ղեկավարը պետք է հեռանա։ Եթե ընտրողների մեծամասնությունը համաձայն է սրա հետ, կարծում եմ, որ կարիք չկա դռների առաջը փակելու և այլն, ուղղակի, համայնքի ընտրողների մեծամասնության ստորագրությունները հավաքեք և ուղարկեք, երբ կհամոզվեմ, որ դա համայնքի ընտրողների մեծամասնության կարծիքն է, էն ժամանակ կառավարությունը արդեն կկանգնի կոնկրետ իրավիճակի առաջ», - ասել էր Փաշինյանը։

Ստորագրությունները հավաքել են, ուղղարկել են կառավարություն ու դեռ տեղեկություն չունեն, թե ինչ ընթացք է ստանալու: Ասում են՝ ստորագրություն հավաքելիս էլ տեսել են, որ շատերը դեմ են համայնքապետին, բայց վախեցել են ստորագրել:

«Վարչական ղեկավարը բարեկամներին, ժողովրդին, մարդկանց, որոնք շատ խիստ քննադատություններով հանդես են եկել թե՛ տվյալ վարչական ղեկավարի, թե՛ համայնքապետի հասցեին, սակայն վախի մթնոլորտը, վարչապետն էլ հայտարարեց, որ չկա Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի, որ այլևս վախենա, այդ վախի մթնոլորտը վերացել է, լավ, կաորղ ենք անունը ուրիշ բան դնել, չեն վախենո՞ւմ, բա ի՞նչ են անում, դե եկեք անունը փոխենք ուրիշ բան։ Համենայն դեպս, մենք մեր աչքերով տեսել ենք, որ էդ մարդիկ վախենում են», - նշեց ակցիայի մասնակիցը։

Ոմանք ստորագրել են, սակայն վախեցել, զանգել ասել են, որ իրենց անունները ջնջեն ցուցակից:

«Համայնքի ղեկավարի հորդորով, վախեցնելով ժողովրդին, մարդիկ զանգել են խնդրել են մեզ, որ մենք ջնջենք իրանց անունները։ Վախեցրել են իրենց։ 4 հազար 500 մոտավորապես ստորագրություն ունենք», - նշեց հավաքվածներից մեկը։

Հավաքվածներին նաև հետաքրքում է, թե ի՞նչ եղան պետական վերահսկողական ծառայության ստուգումները, հարուցված քրեական գործերը:

«Լուսամուտը դրին, պոլերը մաքրին, ստորագրությունը հավաքին, գործը հարուցին, սպասում ենք տեղեկություններին։ Ոչ մի տեղեկություն չկա՝ ինչ քրական գործ կա։ 4-5 հայտարարություն տվել են, որ էս, էս հոդվածներով գործերը շարունակվում են, ոչ մի հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Հիմա ստորագրությունները տվել ենք, անցել է 20 օր, ոչ մի խաբար չկա», - ընդգծեց մեկ այլ ակտիվիստ։

Շիրակ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ նախաքննությունը շարունակվում է, նախաքննական մարմինը մի շարք ստուգումներ ու քննչական գործողություններ է իրականացնում, որի ավարտից հետո միայն պարզ կդառնա՝ ում ինչ մեղադրանք կառաջադրվի: Այսօր բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մարզպետը ասեց, ստորագրահավաքի թեմայով խոսեցինք, որ մոտավորապես երկու ամիս հետո օրենք է մշակվելու, ըստ այդ օրենքի, նորից ստորագրությունները կունենան իրավական ուժ, այսինքն հանրաքվեով է լինելու։ Մինիմում երկու ամիս դեռ սպասելու ենք, որ տեսնենք, էդ օրենքը երբ է մտնելու ուժի մեջ կամ կարող է և չի էլ մտնելու, որպեսզի ստորագրությունն ունենա իրավական ուժ։ Մենք ստորագրությունը հավաքել ենք, որպեսզի ապացուցենք, որ մեր համայնքում էսքան մարդ կա, որ էս համայնքապետին դեմ են։ Էդ մնացած իրավական ուժերը ես կարող եմ տարբեր տեղեր ցույց տալ, թող կիարռեն։ Իրավական ուժ թող կիրառեն էդ մարդու հղբացած լինելու մեջ, էդ մարդու կերածների մեջ, էդ մարդու սեփականությունների մեջ», - նշեց ակտիվիստը։

Աշխատանքային օրվա ավարտին մարզպետը բողոքի ակցիայի մասնակիցների 10 հոգանոց խմբին կընդունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG