Ցանկացած արդար պայմանների և արդարության երաշխավորը քաղաքացիներն են, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։
Նրա կարծիքով՝ այսօր դեռ քիչ են այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են կանգնել անարդարության դեմ։
Գասպարին նշեց՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջ ընթացքում «բազմաթիվ անօրինականությունների դեմ կարելի էր և պետք էր յուրաքանչյուր ոք կանգնի, բայց այդ յուրաքանչյուր ոքերը ցավոք քիչ են»։
«Ուղղակիորեն իշխանությունները շատ տմարդի վերաբերվեցին, այդ շարքերը խառնեցին, հետո ցրեցին, հետո իրենց սադրիչներին ներդրեցին։ Ես մարտի 1-ի առավոտը շուտ արդեն ձերբակալված եմ եղել, բայց մոտիկ մարդիկ ինձ պատմել են, որ այնտեղ էդ մարդիկ արկղերով խմիչքներ էին բերում Մյասնիկյանի արձանի մոտ, էդ ամեն ինչը շատ տմարդի արեցին՝ ներքաշել և այլն։ Ես կցանկանայի, որ էդ ամեն ինչը հնարավորության դեպքում լիներ շատ ուղիղ և շատ շիտակ, ամեն մեկս պատրաստ էինք կանգնել այդ իշխանության առջև՝ մեր գործողությունների համար։ Երկու օր ոստիկանության բաժնում էի, բազմիցս ինձ գործարք առաջարկեցին, որ «գրի՝ ցույցերին չեմ մասնակցել և այլևս չեմ մասնակցելու, գնա»։ Ասում եմ՝ «բայց ես մասնակցել եմ և էլի կմասնակցեմ»։ Խնդիրը մարդկանց իրենց էությունից հեռացնելն էր, կարևոր չէր մենք ինչ ենք, կարևորը նա էր, որ իրենց նման ոչինչ լինեինք, սա էր իշխանությունը հետապնդում», - ասաց Գասպարին։
Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ «Մարտի 1»-ն այլևս չի կրկնվի, վարչապետը պետության անունից ներողություն խնդրեց, քաղաքացիական ակտիվիստը պատասխանեց. - «Ցանկացած արդար պայմանների, և արդարության երաշխավորը քաղաքացիներն են։ Ես ներողություն եմ խնդրում, բայց դեռ այնքան էլ քաղաքացիներ ես չեմ տեսնում, ովքեր պատրաստ լինեն այդ արդարությունն, այն, ինչ որ մենք արեցինք բոլորս միասին, դա անենք մեր կյանքի երկար կտրվածքով։ Նկատի ունեմ նաև թավշյա հեղափոխությունը՝ դա պետք է մենք ամրագրենք։ Օրինակ, անօրինականությունների դեմ ոչ միայն հեղափոխության օրերին, այլ ի՞նչն էր խանգարում, որ արվեր ամբողջ ընթացքում, թեկուզ մարտի 1-ից հետո։ Այդ ամբողջ ընթացքում բազմաթիվ անօրինականությունների դեմ կարելի էր և պետք էր յուրաքանչյուր ոք կանգնի, այդ յուրաքանչյուր ոքերը ցավոք քիչ են»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով դիմեց ժողովրդին: Նա որպես պետության ղեկավար ներողություն խնդրեց տասը զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: 2008-ին ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ի ապրիլյան հեղափոխության արդյունքում այսօր երկրի վարչապետն է, վստահեցրեց՝ վերադարձ անցյալի բարքերին չի լինելու:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․