Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան պաշտոնական այցի շրջանակում երեկ հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին, առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նրանք համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:
Երեկ երեկոյան վարչապետը հանդիպել է իրանահայ համայնքի հետ։ Կարևորելով թավշյա հեղափոխության օրերին իրանահայերի դերը, Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հազարավոր իրանահայերի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը։
«Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, մենք ունենք մեկ համազգային օրակարգ, և էդ համազգային օրակարգի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է։ Պիտի բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի։ Այդ միասնությունը ամենակարևոր ձեռքբերումն է և հաղթանակը և այդպիսի միասնությունը դուրս է ցանկացած հարցից, ցանկացած քաղաքական շահից», - ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը թե՛ Հայաստանը քաղաքականապես և տնտեսապես հզորացնելու հարցում, թե՛ Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման և թե՛ համազգային նպատակների և երազանքների իրականացման հարցերում։ Եվ այդ ամենի իրականացումը առաջին հերթին պաշտոնյաներից, ինչպես նաև յուրաքանչյուրից առանձնահատուկ ջանք է պահանջում։
«Մենք մեր ձեռքերով պիտի կերտենք մեր ապագան այնպես, ինչպես մենք մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան։ Մեր բախտը, մեր ճակատագիրը այլևս արևելքներում, արևմուտքներում, հյուսիսներում և հարավներում չէ, մեր բախտը այլևս մեր սեփական ձեռքերում է, և մենք որպես արժանապատիվ պետության արժանապատիվ քաղաքացիներ մեր ձեռքը պիտի վերցնենք մեր ճակատագրի ղեկը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ այսօր էլ Սպահանում են։ Այնտեղ նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում Փաշինյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:
Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: