Ալիևի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսների մեկնարկին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ:
«Դիրքորոշումը ընդհանրապես նույնն է մնում, այսինքն մենք կարծում ենք, որ եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և եթե իրապես ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտը ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ։ Հայկական կողմը երբևիցե աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ և ագրեսիվ գործողություններով, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանության կիրառել, բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռևս չի արդարանում», - նշեց Ռուբեն Ռուբինյանը։
Real TV-ի հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը անդրադարձել էր նաև Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ադրբեջանի առաջնորդը ասել էր. - «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»:
«Ազատության» հարցին՝ հայկական կողմը ստացե՞լ է նման ազդակներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, Ռուբինյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, նրանց տրամաբանությամբ, ո՛չ աջակցում են, ո՛չ էլ չեն աջակցում, այսինքն նրանց համար ևս կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը հակամարտության համաձայնության գան բանակցությունների ֆորմատի շուրջ, բայց այս հայտարարությունները մեր սկզբունքային դիրքորոշումը չեն փոխում։ Եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, Արցախը, որպես հակամարտության կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ բանակցություններում»։
Իլհամ Ալիևը նաև նշել էր. - «Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում»: Նման ոչ կառուցողական հայտարարությունները, ըստ Ռուբինյանի, կարող են խանգարել բանակացային գործընթացին:
Հարցին՝ Ալիևի հայտարությունները այս փուլում, այսինքն հանդիպումից առաջ ինչ-որ ձևով կխանգարե՞ն այդ գործընթացին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ընդհանրապես, ցանկացած ապակառուցողական հայտարարություն, ցանկացած ագրեսիվ հայտարարություն խանգարում է գործընթացին, և ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը և համանախագահները համակարծիք կլինեն ինձ հետ, և նրանք կֆիքսեն դա»։
Ռուբինյանը կարևորում է նաև արտգործնախար Զոհրաբ Մնացականյանի այցը Մյունխեն փետրվարի 15-17-ը: Գերատեսչությունից դեռևս տեղեկություն չեն փոխանցում Մնացականյան - Մամեդյարով հնարավոր հանդիպման հավանականության մասին: Հաղորդագրությունում միայն նշել են, որ համաժողովի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների հետ: