Մատչելիության հղումներ

Եվրոպական հինգ պետություններ Ռուսաստանին կոչ են անում վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Ուկրաինայում, Նյու Յորք, 12-ը փետրվարի, 2019թ․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Ուկրաինայում, Նյու Յորք, 12-ը փետրվարի, 2019թ․

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան և Լեհաստանը կոչ են արել Ռուսաստանին վերջ տալ զինված հակամարտությանը Ուկրաինայի արևելքում՝ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելով անջատողականներին։ Եվրոպական երկրները նախկինի պես աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և համարում են, որ Ռուսաստանը պարզապես անեքսիայի է ենթարկել Ղրիմը։

«Ռուսաստանի գործողությունները ոչ միայն խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլ նաև սպառնում են միջազգային անվտանգությանը», - ասված է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի համատեղ հայտարարությունում, որը երկրների ներկայացուցիչները տարածել են ուկրաինական ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան հայտարարել է նիստին, որ Մինսկի համաձայնագրերը, մեծ հաշվով, չեն կատարվում։

«Այդ հակամարտությունը Եվրոպայի սրտում սառեցված չէ, և այնտեղ նախկինի պես մարդիկ են զոհվում», - ասել է Ենչան՝ հավելելով, թե Մինսկի համաձայնագրերի շրջանակներում 10 անգամ զինադադար է հայտարարվել և 10 անգամն էլ այն խախտվել է։

2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքում շուրջ 3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, 9 հազար մարդ տուժել է հակամարտության ժամանակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը։

Դոնբասում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, Մյուլերի խոսքով, 2019 թվականին անհրաժեշտ կլինի 162 միլիոն դոլար։ Նիստի նախօրեին հայտարարվել է, որ ՄԱԿ-ը հիմնել է Ուկրաինային մարդասիրական օգնության հիմնադրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG