Մատչելիության հղումներ

ՏՏ համաշխարհային կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը քարտեզի վրա կդիրքավորվի որպես տեխնոլոգիական երկիր. Կարեն Վարդանյան


Հայկական պատվիրակությունը մասնակցում է 2018թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, արխիվ
Հայկական պատվիրակությունը մասնակցում է 2018թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, արխիվ

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի հերթական համաժողովն այս տարի հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա Երևանում։ Այդպիսով Հայաստանը քարտեզի վրա կդիրքավորվի որպես տեխնոլոգիական երկիր. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոլորտի ներկայացուցիչների հետ այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Ըստ նրա՝ ոլորտի համաշխարհային լիդերները կգան Հայաստան, ինչը մեծ հնարավորություններ կստեղծի տեղական ընկերությունների համար։

«Փաստը, որ Հայաստանում անցկացվում է, դա ինքնին շատ լուրջ դիրքավորում է քարտեզի վրա Հայաստանը, որպես տեխնոլոգիան երկիր», ֊ ընդգծեց Վարդանյանը՝ շարունակելով. ֊ «Բացի դրանից՝ ինքը շատ հետաքրքիր միջոցառում է և նվիրված է տեխնոլոգիական ոլորտի ապագային»։

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին: Վարչապետի խորհրդականն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանը հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին և ընկերությանը հրավիրել Հայաստան՝ մասնակցելու համաժողովին։

Կարեն Վարդանյանի փոխանցմամբ՝ այդ ընկերություններին վարչապետի անունից գրավոր հրավերներ կուղարկվեն. ֊ «Նմանատիպ լուրջ հրավեր եղել է նաև գերմանական կողմին, և եղել է գերմանական կողմի համաձայնությունը։ Կարծում եմ, որ մենք պետք է նստենք և տեսնենք՝ հատկապես ո՞ր ընկերությունները մեզ հետաքրքիր կլինեին, ո՞ր գործիչները կամ հատկապես ո՞ր համալսարանները մեզ հետաքրքիր կլինեին, որպեսզի խնդրեինք, որ անպայման այդ հատվածը ևս ներգրավված լինի»։

Նոր կառավարության ծրագիրը, ըստ Վարդանյանի, բավականին լուրջ հիմք է ոլորտում առաջնային աշխատանքներ կատարելու համար։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ոլորտի մասով Կառավարութան ծրագիրն այն ուղենիշն է, թե երկիրը որ ուղղությամբ է գնում։ Սակայն ճանապարհն է շատ բարդ։ ֊ «Կառավարության ծրագիրը ընդամենը այն շրջանակներն է ներկայացնում, որոնք առաջնային են մեր երկրի համար։ Կարծում եմ, որ այդ շրջանակում այս համաժողովը ընդամենը մի փոքր կաթիլ է։ Մենք բազմաթիվ քայլեր պիտի անենք, որ դա դարձնենք իրականություն», ֊ նշեց նա։

Ենգիբարյանը Երևանում համաժողովի անցկացման 3 կարևորություն առանձնացրեց. ֊ «Առաջինը՝ լավ առիթ է բարձրաստիճան վերազգային կազմակերպությունների ղեկավարներ հրավիրել, երկրորդը մեծ քանակությամբ միջին աստիճանի կազմակերպությունների ներկայացուցիչներ հրավիրել և մեր համայնքի հետ շփումների արդյունքում համատեղ ծրագրեր կծնվեն, և ամենակարևորը՝ դիրքավորումն է Հայաստանի՝ ռեկլամել, աշխարհին ցույց տալ ինչ կա մեր երկրում»։

Վարչապետի հետ քննարկված հարցերից Բագրատ Ենգիբարյանը կարևորեց նաև այն, որ որոշվել է կառավարության տարբեր երկրներ կատարած այցերի ժամանակ ներկայացնեն երկրում պատրաստված տեխնոլոգիական նյութերը։

XS
SM
MD
LG