Մատչելիության հղումներ

Առաջնային խնդիր է մեզ համար բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը. Փաշինյան


Կառավարության որոշմամբ այսօր Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի, Հայկ Չոբանյանը՝ Տավուշի մարզպետ:

Նորանշանակ 2 մարզպետներն էլ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկանածուներ էին: Պետրոսյանը 4 հազար 600 քվե էր ստացել, իսկ Հայկ Չոբանյանը՝ 5 հազար 600: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հստակեցրեց, թե ինչ ակնկալիքներ ունի նորանշանակ մարզպետներից:

«Առաջնային խնդիր է մեզ համար բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատետեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները և մարզպետարանները, այդ թվում, պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս։ Ընդհակառակը մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք, պոտենցիալ ներդրումներին հրավիրենք, նրանց համար նաև հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել մարզերի և Հայաստանի Հանրապետության և հատկապես մարզերի զարգացմանը նպաստելու համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում հատկապես այդ գործում», - նշեց Փաշինյանը։

«Տավուշի մարզը ներդրողներ ներգրավելու հարցում բավականին առավելություն ունի՝ հաշվի առնելով սահմանամերձ գյուղերին տրված հարկային արտոնությունները, որոնք լիարժեք չեն օգտագործվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք չենք ռեալիզացրել սահմանապահ բնակավայրերի հարկային արտոնությունների կիրառման խնդիրը, որովհետև մենք ունենք ընդամենը մի քանի հաջողված օրինակներ, բայց դա պետք է դառնա մասսայական շարժում», - ընդգծեց Չոբանյանը։

Տավուշի նորանշական մարզպետը հավելում է՝ մարզի ամեն մի թիզ հող ու գույք պետք է գույքագրվի, նպատակային ծառայեցվի՝ չթողնելով պարապուրդի։ Նա ՏՏ ոլորտում է աշխատել, հետո արևային էներգիայի վահանակների բիզնես հիմնել:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք պետական պաշտոնը չի ծառայեցնի սեփական բիզնեսի համար, պատասխանեց. ֊ «Դրա համար կան մեխանիզմներ, պետությունը ունի դրա համար ներդրած համապատասխան մեխանիզմներ»։

Կառավարության օպտիմալացման ծրագիրն առաջիկայում կհասնի նաև մարզպետարաններ: Չոբանյանն ասում է, որ միայն մարզպետարաններում չէ, այլ առհասարակ պետական կառավարաման համակագում արդյունավետության բարձրացման խնդիր կա, և դրա լուծման տարբերակը ամենևին էլ կրաճատումները չի համարում:

«Մենք չպետք է դիտարկենք միայն կրճատումների և խնայողությունների ճանապարհը, որպես մեր կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ճանապարհ, այլ առաջին հերթին պետք է դիտարկենք յուրաքանչյուր պետական ծառայողի, յուրաքանչյուր պետական հաստատության առավել արդյունավետ աշխատանքի վրա։ Եթե այսօր անում ենք մեկ միավոր աշխատանք, վաղը կատարենք հինգ միավոր աշխատանք այս նույն ռեսուրսներով», - ընդգծեց Տավուշի մարզպետը։

Հայկ Չոբայանն ասաց, որ այսօրվանից ընտանիքով Երևանից կտեղափոխվի բնակվելու Տավուշի մարզ: Շիրակի նորանշանակ մարզպետին տեղափոխվել պետք չէ, բնակավում է Գյումրիում:

Տիգրան Պետրոսյանը «Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունում է աշխատել: Ավելի հաճախ վերջին տարիներին նրան կարելի էր տեսնել բողոքի տարբերի ակցիաների առաջին շարքերում: Մարզի խնդիրներին ծանոթ է, գիտի, որ ամենաաղքատ ու գործազուրկ մարզն է: Արդեն գիտի, թե որն է լինելու իր առաջին անելիքը:

«Մարզի զարգացումը ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է, այսինքն էն մարդիկ, ովքեր որևէ կերպ, որևէ գործառույթ են իրականացնելու մարզերում, իրենք պետք է պետության անմիջական աջակցությունը զգան։ Այդ աջակցությունը պետք է լինի շատ շարունակական և շատ հետևողական», - նշեց Տիգրան Պետրոսյանը։

Անօթևանության խնդրի լուծման տնկաներից հատկապես Գյումրին ազատելու խնդիր էլ է դրել կառավարությունը, թե կոնկրետ ի՞նչ թվի մասին է, այս պահին հստակ չէ: Վարչապետի որոշմամբ ստեղծված խումբն արդեն սկսել է ուսումնասիրությունը:

«Ապրելով Գյումրիում նաև ժամանակին այդ հարցերով ուղղակիորեն և անուղղակիորեն էդ հարցերով զբաղվելով մեզ համար խնդիրը, թերևս ցավոք, խնդրի ծավալը խնդրի խորությունը պարզ չի», - ասաց Շիրակի մարզպետը։

Վաղը նորաննշանակ մարզպետը կծանոթանա աշատակազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG