Մատչելիության հղումներ

Freedom House․ Հայաստանը 2018-ին ժողովրդավարության առումով ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրներից է


Հայաստան - Հանրահավաք Երևանի Հանրապետության հրապարակում, ապրիլ, 2018թ․
Հայաստան - Հանրահավաք Երևանի Հանրապետության հրապարակում, ապրիլ, 2018թ․

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ժողովրդավարությանը նվիրված հերթական` Freedom in the World զեկույցում Հայաստանը դասել է այն փոքրաթիվ երկրների շարքում, որոնք ամենամեծ առաջընթացն են արձանագրել անցած տարի՝ 2018 թվականին և պետք է հատուկ ուշադրության արժանանան այս տարվա ընթացքում:

«Եվրասիական տարածաշրջանում, ուր կարծրացած էլիտաները շարունակում էին չարաշահել իրենց լծակները՝ իշխանության ղեկին մնալու համար, Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել՝ պաշտոնանկ անելով լայն ժողովրդականություն չվայելող նախագահ Սերժ Սարգսյանին և ընտրելով նոր, բարեփոխական վարչապետ ու կառավարություն», - փաստում է հեղինակավոր կազմակերպությունը:

«2018-ի գարնանը հայերը փողոց դուրս եկան Սերժ Սարգսյանի դեմ, ով փորձում էր շրջանցել նախագահական ժամկետի սահմանափակումներն ու երկարաձգել իր ղեկավարումը՝ դառնալով վարչապետ: Ի զարմանս շատերի, Սարգսյանի հրաժարականի ժամանակ բողոքի խաղաղ ցույցերը հասան իրենց կիզակետին և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բերեցին վարչապետության: Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը վճռորոշ հաղթանակ տարավ դեկտեմբերի արտահերթ ընտրություններում՝ ճանապարհ հարթելով համակարգային բարեփոխումների համար», - արձանագրում է զեկույցը՝ շարունակելով․ - «Դեկտեմբերյան այդ ընտրություններից հետո խորհրդարանի նոր, բարեփոխական մեծամասնությունը խոստացավ առաջ տանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ կոռուպցիայի ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ պայքարում»:

Դիտարկելով հայաստանյան զարգացումները առավել լայն համապատկերում՝ կազմակերպությունը փաստում է՝ դա պայծառ շող էր աշխարհում՝ ժողովրդավարության գլխին կուտակվող մռայլ միջավայրում: «Մի իրավիճակում, երբ արդեն իսկ ոչ ազատ ճանաչված երկրներում ավտորիտար բռնապետները խստացնում էին բռնաճնշումները, և անգամ կայացած ժողովրդավարություն ունեցող պետություններում էին ժողովրդահաճո ուժերը սասանում հիմնարար սկզբունքները, Հայաստանը՝ մի քանի այլ երկրների հետ, ցույց տվեց, որ ժողովրդավարությունը շարունակում է մնալ պաշտոնյաներին հաշտվետու պահելու և կյանքը բարելավելու հիմնական միջոցը: Անգոլայում, Մալայզիայում, Հայաստանում քաղաքական գործիչները անսպասելի արձագանք տվեցին կամ ստիպված եղան անսպասելի արձագանքել ժողովրդավարական բարեփոխումների հասարակական պահանջին, փաստելով, որ ժողովուրդները չեն հրաժարվում ազատության, արժանապատվության ու հաշտվետվողականության համար պայքարից, նույնիսկ երբ հաջողությունը թվում է անիրական», - ասված է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, գնահատելով ժողովրդավարության մակարդակը 25 տարբեր չափորոշիչներով՝ Freedom House-ը Հայաստանում 2018-ին 6 միավորի առաջընթաց է արձանագրել: Ըստ այդմ, Հայաստանը այս անգամ ստացել է 100 հնարավորից 50-ը՝ նախորդ տարվա 44-ի փոխարեն: Սա, ըստ փորձագետների, ամենանշանակալի առաջընթացներից մեկն է աշխարհում: Դրանով հանդերձ՝ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների խմբում՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ:

Ողջունելով անցած տարվա առաջընթացը՝ Freedom House-ը միաժամանակ ընդգծում է՝ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք այս տարվա ընթացքում պետք է մնան միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում:

«Արտաքին աջակցությունը այս երկրներին պետք է դառնա գերխնդիր և խրախուսի ժողովրդավարական փոփոխությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդել ձեռքբերումները, արձագանքել մարտահրավերներին և կանխել հետընթացը: Ֆինանսավորման և դիվանագիտական միջամտության հարցում հետևողականությունը և կանխատեսելիությունը վճռական են՝ անցումային շրջանում գտնվող այդ երկրներում առաջընթացը տևական դարձնելու համար», - արձանագրում է միջազգային կազմակերպությունը:

Դիտարկված 195 երկրների շարքում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներ էլ շարունակում են մնալ Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG