Մատչելիության հղումներ

Գյումրիի Երկաթուղայինների մշակույթի պալատը վերականգնելու երկու առաջարկ է քննարկվում


1988-ի երկրաշարժի հետևանքով վնասված շենքեր Գյումրիում, արխիվ
1988-ի երկրաշարժի հետևանքով վնասված շենքեր Գյումրիում, արխիվ

Գյումրիի Սևյանի անվան Երկաթուղայինների մշակույթի պալատը, որը 88-ի երկրաշարժի հետևանքով դարձել է խիստ վթարային, 30 տարի անց հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Շենքը վերականգնելու երկու նախաձեռնություն կա, ծրագրերն օրերս հանրային քննարկման էին դրվել Գյումրիի քաղաքապետարանում։

Կիսավեր կառույցը մշակութային հուշարձան է և չորս տարի առաջ հանձնվել է համայնքի ենթակայությանը։ Այն ժամանակ շենքը ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր ռուսական «Արաքս» կազմակերպությունը, որը, սակայն, կառույցը վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք չէր իրականացրել ու անցած տարի զրկվել էր այն օգտագործելու իրավունքից։ Այժմ Գյումրիի քաղաքապետարանին առաջարկություններ են ներկայացրել «Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնը և «Բալետ 2021» հիմնադրամը:

Առաջինն առաջարկում է Մշակույթի պալատը որպես ֆիլհարմոնիա վերականգնել, երկրորդը ծրագրում է արվեստի բազմաֆունկցիոնալ կենտրոն հիմնել՝ հիմնականում բալետի ու պարարվեստի զարգացման նպատակով:

«Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի ներկայացրած առաջարկի քննարկումը թեժ ընթացավ. ներկաները կենտրոնի տնօրեն Նելա Մովսիսյանից փորձում էին հասկանալ, թե արդյոք ծրագիրը ունի հստակ ֆինանսավորում: Ֆինանսական միջոցներ գտնելու համար մի շարք միջոցառումներ են նախատեսում անցկացնել:

«Ֆիլհարմոնիա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը թեև քննարկմանը ներկայացրել էր շենքի վերակառուցման էսքիզը, սակայն ասաց, որ նախագիծն ու նախահաշիվը ևս կազմված են, ընդ որում՝ Գյումրիի Ճարտարագիտական համալսարանի ուսանողների կողմից: Մշակույթի նախարարության ներկայացուցիչները ծրագիրն անիրատեսական համարեցին:

Առավել ընդգրկուն ծրագիրը ներկայացրեց «Բալետ 2021» հիմնադրամը: Ժողովրդական արտիստ, բալետի պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը հիմնադրամի հետ ցանկություն ունի կառուցել արվեստի կենտրոն՝ հիմքում Գյումրիում պարարվեստի ու բալետի զարգացումն է:

«Կենտրոնը նաև պետք է ունենա անպայման վերադարձ մեր 5 հազար տարվա առաջվա ծիսական պարերին, որտեղից սկսվել է ընդհանրապես դասական պարի հիմքերը», - նշեց Ռուդոլֆ Խառատյանը։

«Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը բավականին մանրամասն ներկայացրեց մինչ այս պահն արված աշխատանքները և թե ինչ են նախատեսում արվեստի կենտրոնում հիմնել:

«Մշակութային առումով մենք ունենալու ենք պարարվեստ, ունենալու ենք բեմադրող խորեոգրաֆներ, ունենալու ենք բեմական հագուստի դիզայն, ստուդիաներ կլինեն, բեմի ձևավորում, լույսի ձևավորում և մի առանձին էլ ուզում ենք անպայման ուշադրություն դարձնենք՝ դա արվեստի կրիտիկաների դպրոցի ձևավորումն է», - ասաց Լիլիթ Պետրոսյանը։

Թե ինչու են որոշել Գյումրիում հիմնել, այդ հարցի պատասխանն էլ տրվեց. «Թումոյի Մարի Լուն ասեց՝ ինչի՞ եք կպել Երևանին, եկեք իրար հետ գնանք Գյումրի, ու մենք հիմա այստեղ ենք»։

Բավականին մեծ ծրագիր է, որը ենթադրում է նաև ֆինանսական մեծ միջոցների ներդրում: Թե որքան, կոնկրետ այս պահին չեն կարող ասել, քանի որ նախագիծը կազմված չէ: Լիլիթ Պետրոսյանն ասաց՝ կանադահայ հայտնի ճարտարապետ Ազատ Շիշմանյանն արդեն ուսումնասիրել է շենքը և հիմա սպասում է մի շարք կառույցների եզրակացություններին, որպեսզի սկսի նախագծային աշխատանքները: Մի շարք միջազգային կառույցների հետ բանակցություններ են ընթանում ֆինանսավորման համար:

«UNDP-ն, Համաշխարհային բանկը, «Ռենեսանս» հիմնադրամը, ոմանք շենքի հետ կապված են պատրաստ ֆինանսավորման», - նշեց Պետրոսյանը։

Երկաթուղայիների մշակույթի պալատի կիսավեր շենքում պահպանվել է հայտնի գյումրեցի նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» խճանակարը: Ներկաները հետաքրքրվեցին, թե ինչպես է խճանկարի հարցը լուծվելու: «Խճանակարը, որպես մեր մշակութային ժառանգություն, անպայման վերականգնվելու է և պահպանվելու է», - պատասխանեց «Բալետ 2021» հիմնադրամի տնօրենը։

Եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի իրականացվի, ապա 2021 թվականին Գյումրին կունենա արվեստի բազմաֆունկցիոնալ կենտրոն: Քննարկման մասնակիցների մեծ մասը հավանություն տվեց հենց այս նախաձեռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG