Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն ակնկալում է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ. Փաշինյան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ակնկալում է առաջիկայում բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ:

Անգելա Մերկելը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք, հաշվի առնելով Եվրամիության «Ավելին ավելիի դիմաց» բանաձևը և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, Բեռլինը մտադիր չէ ջանքեր գործադրել վիզաների ազատականացման ուղղությամբ և ընդհանրապես աջակցել, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրվելիք օժանդակությունը մեծանա, ասաց, որ այդ օժանդակությունը արդեն իսկ հայտնի է, որ շուտով կմեծանա, և այս տարի Հայաստանը Եվրոպական միությունից ավելի մեծ գումար կստանա։

«Այո, այդպես է, մենք արդեն աջակցում ենք։ Եվրամիությունը պարոն Հանի միջոցով իր աջակցությունը հստակ արդեն արտահայտել է, և մենք չենք ցանկանում արգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել։ Հայաստանը իբրև անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրի հետ է աշխատում։ Մենք ունենք արդեն պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները», - նշեց Մերկելը։

Փաշինյանը հավելեց, որ, իր կարծիքով, Ընդլայնման և հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին. - «Եվրամիության ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք։ Ըստ էության, Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այս զարգացումները կշարունակվեն՝ անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից, որովհետև ժողովրդավարությունը, և նաև վերջին ընտրություններում դա արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը»։

«Շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր զարգացումները, բարեփոխումների մեր օրակարգը կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում։ Մենք այս առումով շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և՛ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների, և՛ Եվրամիության մեր գործընկերների հետ հարաբերություններում։ Այնպես որ, կարծում եմ, որ իսկապես գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է, և պետք է մենք կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության մեր գործընկերներից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից», - ասաց Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար՝ հավելելով, որ 2018 թվականին, երկար տարիներ ի վեր առաջին անգամ, Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը ավելի մեծ է եղել, քան հեռացողներինը։

«Մենք պետք է մեր երկրում ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չդիտարկվի որպես, այսպես ասած, փախստականներ մատակարարող երկիր։ Այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ ենք և շարժվում ենք վստահ և իհարկե, մեր քննարկումների և բանակցությունների և հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար», - ընդգծեց Հայաստանի ղեկավարը։

Արդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Անգելա Մերկելը դրվատանքով էր խոսում Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասելով, որ այս ուղղությամբ խիզախ քայլեր է անում․ - «Լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ։ Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց էդ մեկը պահանջում է, որ դիմացի կողմը պատրաստակամություն պետք է ցույց տա նմանապես խիզախ քայլերի», - նշեց Մերկելը։

Վարչապետ Փաշինյանն էլ հստակեցրեց, թե, ենթադրաբար, խիզախություն ասելով ինչ նկատի ունի Գերմանիայի կանցլերը՝ որ ինքը հայտարարել է, թե Ստեփանակերտի անունից այլևս չի բանակցելու։

Հայաստանի վարչապետը ընդգծեց, որ առայժմ Ադրբեջանի կողմից իր այս հայտարարություններին չկա համարժեք արձագանք․ - «Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը, նաև արձանագրել դա, որովհետև դա իսկապես շատ կարևոր բնորոշում է բանակցային իրավիճակի, և ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար։ Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում։ Քանի դեռ համարժեք հատարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք չենք կարող»:։

Հայաստանի ղեկավարը իր խոսքում նաև հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությունը՝ շարունակելով. - «Ես ուզում եմ արձանագրել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես, Հայաստանի Հանրապետության վարչապետ որպես, կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց Խորհրդարանը, իրենց կառավարությունը, և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրած ներկայացուցիչները»։

Կողմերը գորհունակությամբ ամփոփեցին այս հանդիպումը։ Թե՛ Մերկելը, թե՛ Փաշինյանը ընդգծեցին, որ Երևանն ու Բեռլինը մեծ հեռանկար ունեն տնտեսական համագործակցության առումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG