Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործերի վերաբերյալ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի իսկ դիմումների առնչությամբ։ Դիմումները վերաբերում են 2008 թվականի մարտյան դեպքերից հետո Փաշինյանի ազատազրկմանը և ստրասբուրգյան դատարան ներկայացվել են 2010 և 2011 թվականներին:

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից հետաքրքվում է 2008-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար դատարանի վճռով մեղավոր ճանաչված Փաշինյանի կալանքի օրինականության խնդրով և հարցնում, թե արդյոք չեն խախտվել նրա ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքները։ Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն բանտում շուրջ երկու տարի անցկացնելուց հետո համաներմամբ ազատ էր արձակվել:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ այս հարցերին պետք է պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղարզարյանի գնահատմամբ սա դառնում է մեկ անձի շախմատ․ - «Բոլոր էն մարդիկ, ովքեր լծված են լինելու էդ գործին պետության կողմից, բոլորը նշանակվել են և գտնվում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ: Ինձ թվում է, ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի լավ կլինի դիմում գրի Եվրոպական դատարան, հրաժարվի իր այդ գանգատից, որքան էլ որ ցավալի է, որքան էլ որ արժեքավոր գործ է: Որովհետև սա լուրջ հարց է բարձրացնելու, որովհետև դատավարության ամենակարևոր սկզբունքը՝ մրցակցային դատավարությունը հնարավոր չի ապահովել»:

Փաշինյանը Եվրոպական դատարան ներկայացրած իր դիմումներով պնդել է, որ իր դատապարտումը պայմանավորված է եղել 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ իր քաղաքական ելույթներով ու ընդդիմադիր գործունեությամբ, և նպատակ է ունեցել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը մինչև ապրիլի 16-ը ժամանակ է տվել կողմերին՝ դիմումատու Փաշինյանին և նրա ղեկավարած կառավարությանը, հաշտության հնարավոր տարբերակները քննարկելու համար: Համաձայնության չգալու դեպքում սկսվում է բուն դատավարական պրոցեսը:

Եղիշե Կիրակոսյանը դժվարանում է ասել՝ կաշկանդված չի՞ լինի արդյոք ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելիս: Նշեց, որ փորձում են ստեղծված իրավիճակին օպտիմալ լուծում գտնել, քննարկում են ունեցել նաև անձամբ Փաշինյանի հետ․ - «Քննարկում են և՛ դիմամատուի հետ, և՛ դիմումատուի փաստաբանի հետ ստացված նամակի բովանդակությունը, կառարավորության կողմից ձեռնարկվելիք հնարավոր քայլերը: Ընթացքի մասին, քանի որ դա կոնֆիդենցիալ բնույթ է կրում էս պահից սկսած, չեմ կարող հրապարակել մանրամասներ»:

Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ տեղեկացրել է, որ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը խնդրել է ՄԻԵԴ-ին փոխանցել, որ ինքը հրաժարվում է իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից:

«Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների և ազատությունների կայուն մշակույթի ձևավորման համար, Փաշինյանը շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին», - գրել է Վահե Գրիգորյանը:

2008 թվականի մարտի 1-ին առնչվող «Վարդգես Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով ևս եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել հեղափոխությունից հետո: Նորընտիր իշխանությունների համախոհը լինելով հանդերձ, հայտնի ակտիվիստը չի պատրաստվում հրաժարվել իր բողոքից: Նա նկատում է, որ բողոքը ոչ թե իշխանությունների, այլ Հայաստանի դեմ է․ - «Այսինքն, տվյալ երկրի բոլոր քաղաքացիների: Արդյո՞ք իշխանափոխությունից հետո այդ հարցը դուրս է եկել շրջանառությունից: Իմ անձնական գնահատմամբ՝ ոչ: Մենք՝ քաղաքացիներս, հանդուրժել ենք դա»:

Վարդգես Գասպարի գնահատմամբ, Փաշինյանի բողոքից հրաժարվելը ՄԻԵԴ-ում մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կարևոր նախադեպի բացակայության պատճառ կարող է լինել: Հետևաբար ակտիվիստը գտնում է, որ գործող վարչապետը չպետք է հրաժարվի իր գանգատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG