2018 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է 11,2 տոկոսով կամ 2 հազար 267 դեպքով։ Դա հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով։ Ամփոփելով անցած տարին՝ տվյալներն այսօր հրապարակեց Հայաստանի ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը։
Ըստ նրա՝ քաղաքացիները 2018-ին ավելի շատ են դիմել ոստիկանություն։ 2017-ի համեմատ առերևույթ հանցագործությունների մասին հաղորդումների թիվը 9 հազար 145-ով կամ 28,3 տոկոսով աճել է։ Դա էլ պայմանավորված է ոստիկանության հանդեպ վստահության աճով։
«Իրավիճակ է փոխվել։ Ոստիկանները իրենց գործունեությունը միշտ էլ կատարում են բարեխղճորեն։ Ոստիկանն էլ իր վերաբերմունքը փոխել է դեպի քաղաքացին։ Ես չգիտեմ, դուք հավանաբար տեսել եք դա նաև առօրյա կյանքում, հանդիպած կլինեք։ Իհարկե, մենք բազում խնդիրներ ունենք դեռևս էս առումով, քանի որ ամենադժվարը՝ դա ոչ թե ֆինանսական միջոցներ, փոփոխություններն են, ամենադժվարը հոգեբանության փոփոխությունն է, որին մենք նույնպես հասնելու ենք, ուղղակի սրա համար ժամանակ է պահանջվում», - ընդգծեց Ղուկասյանը։
2017-ի համեմատ աճել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը։ Պատճառներից մեկը, ըստ Արմեն Ղուկասյանի, ներմուծվող ավտոմեքենաների թվի աճն է։
«2018 թվականին ներկրվել է Հայաստանի Հարապետություն 73 հազար 562 տրանսպորտային միջոց։ Պատկերացրեք, այսքան փոքր երկիր՝ ներկրվել է այդքան տրանսպորտային միջոց։ 17 թվականին ներկրված է եղել դրա կեսը մոտավորապես՝ 38 հազար 260, և էսպես թվերը գնալով իջել են։ Այսինքն, մենք կանխատեսում ենք, որ այս տարի նույնպես լինելու է տրանսպորտային միջոցների մեծ քանակի ներմուծում Հայաստան, և 2020 թվականից միայն էդ պրոցեսը կթեթևանա, էնպես որ, խնդրում եմ, նաև հայցում եմ ներողամտությունը քաղաքացիների», - նշեց Ղուկասյանը։
Ոստիկանության գնդապետի փոխանցմամբ, համաներումից հետո բացահայտվել են նաև կրկնահանցագործություններ։ 581 ազատ արձակված քաղաքացիներից 30-ը ընդհանուր թվով 42 հանցագործություն է կատարել։
«10 տարի առաջվա կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո՝ հաջորդ տարի, մենք ունենում ենք հանցագործությունների բավականին մեծ աճ։ Ունի էդպիսի կապ, բայց բացարձակապես չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որ պետությունը հանդես է բերում հանցագործների նկատմամբ, դա սխալ մոտեցում է։ Սա քաղաքականություն է, քրեական քաղաքականության մաս է կազմում, կարծում ենք, որ ուղղակի նման անձիք պետք է գտնվեն տեսադաշտում։ Ցավոք էսօրվա գործող օրենսդրությունը դեռևս էդ հնարավորությունը լիարժեք չի տալիս՝ այդ անձանց պահելու անհրաժեշտ հսկողության տակ», - ասաց ոստիկանության շտաբի պետը։
2018 թվականին, ըստ ոստիկանության տվյալների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել։ Եթե 2017-ին արձանագրվել էր 634 դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ՝ կազմելով հազար 353։ Դրանցից 416-ը կաշառակերության դեպքեր են, 263-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 137-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 165-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այլ դեպքեր։
Ընդհանուր առմամբ պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցվել է շուրջ 5,7 միլիարդ դրամի վնաս, 2017 թվականին շուրջ 735 միլիոն դրամ էր։