Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը


Սահմանադրական դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։

Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին էր դիմում ներկայացրել ՍԴ, իսկ վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն էին, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը։ Ըստ փաստաբանի, Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին:

Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:

Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, մինչդեռ, այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն, «Ազատության» հետ զրույցում՝ մենաբանելով ՍԴ որոշումն, ասաց, որ մերժման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ դիմումը բավարար իրավաբանորեն հիմնավորված չէ:

7 էջից բաղկացած աշխատանքային որոշումից փաստաբաններն արել են հետևյալ հետևությունը. - «Սահմանադրական դատարանը համաձայնել է մեր այն դիրքորոշման հետ, որ վերջնական լուծում տվողը սահմանադրական նորմերի վերաբերյալ միայն Սահմանադրական դատարանն է հանդիսանում, երկրորդ՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ, եթե լինում է սահմանադրականության խնդիր ցանկացած նորմի, դատարաններն՝ առավել ևս Վճռաբեկ դատարանը, պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան։ Այս երկու ելակետային հարցերը Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ հստակ արձանագրել է։ Երրորդը՝ սա այնպիսի աշխատակարգային որոշում է, որը կարող է լինել օգտակար նաև բոլորի համար հետագայում Սահմանադրական դատարան դիմելու տեսանկյունից։ Խնդիրը, որն արձանագրել է Սահմանադրական դատարանն, ընդունելության մյուս բոլոր չափանիշներից, որոնք, իմ կարծիքով, ավելի բարդ հաղթահարելի են, այս տեսանկյունից իրավաբանորեն հիմնավորվածության խնդիրը հաղթահարելի է», - ասաց Վարդևանյանը՝ շարունակելով. - «Ենթադրենք, եթե դատարանն ասեր, որ չկա վերջնական դատական ակտ, որը հիմքերից մեկն է մերժման, այդ դեպքում սա հնարավոր չէ հաղթահարել, այսինքն՝ մինչև չլինի վերջնական դատական ակտ, նորից չես կարող դիմել Սահմանադրական դատարան։ Այս դեպքում իրավաբանորեն կարելի է ասել խրթին իրավական հարցի դաշտում է իրավիճակը՝ կամ մերժման հիմքը, որը և հաղթահարման ենթակա է, բայց դա արդեն ժամանակը ցույց կտա, քննարկման հարց է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG