Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը


Վերաքննիչ դատարանն այսօր նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ:

Ստորագրությամբ ազատ արձակելու՝ դատարանի որոշումը բողոքարկել էր Դատախազությունը։

Արմեն Գևորգյանը դարձյալ խուսափեց լրագրողների մի շարք հարցերից, հիմնավորմամբ, որ պարտավորություն է ստանձնել չհրապարկելու գործին առնչվող տեղեկատվություններ:

«Ազատության» հարցին՝ 00-38 հրամանին տեղյակ եղե՞լ եք, Արմեն Գևորգյանը պատասխանեց. - «Նենց հարցեր եք տալիս, ես արդեն էդ հարցերին պատասխանել եմ։ Ոչ, տեղյակ չեմ եղել։ Դուք ուզում եք անպայման ինձ ինչ-որ մի բանի հետ կապել»։

«Ազատության» դիտարկմանը՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդված կա, դրա համար ենք կապում, նախկին փոխվարչապետը արձագանքեց. - «Էդ հոդվածը առնչվում է լրիվ ուրիշ դրվագի, ուրիշ թեմայով է, ուրիշ մարդկանց հետ է կապված»:

Իսկ թե մարտիմեկյան դեպքերի հետ առնչություն չունի՞, պատասխանեց. - «Հետո ի՞նչ։ ես ձեզ խնդրեցի, ասեցի գործին առնչվող հարցեր մի տվեք։ Եկեք քննարկենք եղանակը»։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման և խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատությանը խոչընդոտելու համար, և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։

Ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունների, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս մեղադրանքը դեկտեմբերի 11-ին փոփոխվել և լրացվել է, արդյունքում իր պաշտպանյալին առաջադրված է 3 մեղադրանք:

«Առաջին ատյանի դատարանը, թե՛ այսօր վերաքննիչ քրեական դատարանը կայացրել են արդար դատական ակտ, և մենք որևէ կասկած անգամ չունենք դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դատախազության ամբողջ շեշտը կայանում է նրանում, որ կալանավորման պայման հիմնավոր կասկածը՝ թե՛ սահմանադրական կարգը տապալելու և թե՛ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքները միանշանակ կա, ինչի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ և ինչի հետ նաև համաձային չէ առաջին ատյանի դատարանը, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանը և նաև նշել էր, որ առկա են կալանավորման հիմքեր, որը որ նույնպես առկա չեն», - ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Կալանավորման հիմքերից վարույթ իրականացնող մարմինը նախկինում նշել էր թաքնվելը, քննությանը խոչընդոտելը, որը որ կարա դրսևորվի դատավարության մասնակիցների վրա։ Որևէ ապացույցներ, որոնք որ նման ենթադրություն կառաջացնեն, վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացրել։ Տեսեք, այստեղ մի շատ փոքր նրբություն կա․ վարույթ իրականացնող մարմինը անվիճելիորեն չի կրում ապացուցման բեռ՝ այս կամ այն հիմքը ապացուցելու, սակայն բոլոր դեպքերում պետք է ներկայացնի որոշակի փաստական տվյալներ, որոնք որ այդ հիմքը հետագայում իրա համար ենթադրվում է, որ տեղի կունենա, այսինքն այդ ապագային վերաբերող գործողությունները։ Սակայն ինչպես բոլորիս հայտնի դարձավ, որ թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ քրեական դատարանը այդ հիմքերը նույնպես չտեսավ»։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո Արմեն Գևորգյանի մասնակցությամբ քննչական գործողություններ, մասնավորապես, առերեսում տեղի չի ունեցել:

Գլխավոր դատախազությունը դեռևս որոշումը չունի վերաքննիչ քրեական դատարանի որոշումը վճռաբեկում բողոքարկելու վերաբերյալ: Կառույցի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ դատական ակտը ստանալուց և ուսումնասիրելուց հետո դատախազությունը որոշում կկայացնի բողոքարկելու կամ չբողոքարկելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG