Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին հրավիրել է մասնակցելու 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
«Թիմ Քուքի հետ վարչապետը քննարկել է [ՏՏ համաշխարհային] Կոնգրեսի աշխատանքները և հրավիրել է ընկերությանը, որ նրանք մասնակցեն և՛ Կոնգրեսին, ինչպես նաև մտածեն, թե ինչպես կարող են աշխատել Հայաստանի հետ», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Արտաքին հարցերով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թիմ Քուքին հանդիպել էր հունվարի 22-ին՝ Շվեյցարիայում, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Արսեն Գասպարյանը, ով այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում: