Պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Սարգսյանը հայտարարեց ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու նոր՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մեկնարկի մասին․ - «Այդ ծրագրից մեր առաջին բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, և այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում»:
Բանակի մարտունակության բարձրացման համար նախագահը կարևորում է գիտության դերը՝ շեշտելով, որ ապագայում բանակին անհրաժեշտ կլինեն ամենաժամանակակից տեխնոլոգիները, որոնք թանկ կամ անհասանելի են, մինչդեռ Հայստանը ըստ Արմեն Սարգսյանի բոլոր հնարավորություններն ունի ինքնուրույն դրանք ստեղծելու․ - «Ոչ միայն չգնել, այլ վաճառել: Բայց մի տեղից պետք է սկսես: Անելու ենք դա մինիմալ փողով: Բայց հնարավոր է: Իրականում եթե մենք որևէ արժեքավոր գաղափար, նոր տեսակ, զենքի կամ կրկնակի օգտագործման․․․ ի վերջո լավագույն զենքերի տեխնոլոգիաները դառնում են քաղաքացիական: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեծ տերությունները հաճույքով մեզնից կգնեն, ոչ թե կարգելակեն»:
Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:
Արարողության ավարտին լրագրողների հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ սահմանին իրավիճակը կայուն է, իսկ Փաշինյան - Ալիև հանդիպումը «սահմանին որոշակի փոփոխությունների պատճառ չի դարձել»․ - «Որոշակի չափով կա նվազում նպատակային կրակոցների առումով, որի վերաբերյալ պարբերաբար հայտարարվում է: Ընդհանուր առմամբ, Զինված ուժերը հաշվի են առնում, որ պատերազմը ամեն րոպե կարող է սկսվել, մենք մեր աշխատանքները, ծառայությունը կազմակերպում ենք այս սկզբունքով: Մնացած դաշտը դա քաղաքական ղեկավարության դաշտն է, բանակցությունները, որոնք իրենք վարում են»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ հայկական զինված ուժերում վերջին շրջանում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել և սահմանվել են ավելի հավակնոտ պահանջներ:
Նախարարը ընդգծեց վերջին ամիսներին, հակառակորդի գործողություններով պայմանավորված, սահմանի դեպքերի ցածր թվաքանակի փաստը․ - «Պայմանավորված է եղել և՛ քաղաքական պայմանավորվածությունների, և՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը անդրադարձավ դատավորների անկախության հարցին՝ տեղեկացնելով, որ իր ղեկավարած կառույցը առանձնացրել է 32 առաջնահերթություն, որոնց համակարգային լուծման պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքներ դատավորների անկախության համար․ - «Բարձրագույն դատական խորհուրդը ընդհանրապես բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը: Եվ մենք բացարձակապես մինչև հիմա որևէ դատական գործով, որևէ ձևով, նույնիսկ տեղեկատվական առումով կոմունիկացիայի մեջ չենք մտնում: Ես վստահ եմ, որ նաև նման ձևով վերաբերմունքը քաղաքական իշխանությունների կողմից է: Բայց վերջին հաշվով դատավորները նույնպես մարդիկ են և նրանք հնարավոր է որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում: Իրականության մեջ դատավորի անկախությունը միայն այսպես կոչված հեռախոսային անկախությունը չի: Կա՞ն էն բոլոր նախադրյալները, որոնց պարագայում դատավորը կարող է լիարժեք անկախ գործել»:
Ինչ վերաբերում է անցումային արդարատությանը, ինչի մասին նախընտրական շրջանում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ համաշխարհային փորձը ուսումնասիրել է, սակայն չգիտի, թե այն, ինչի մասին խոսում են Հայաստանում, իրենից ինչ է ներկայացնում․ - «Գիտեմ դրա հազար տարբեր դրսևորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում կամ ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես տեղեկություն չունեմ»:
Փոխանցելով, որ ԲԴԽ-ն այդ խմբերի աշխատանքին չի մասնակցում՝ Հարությունյանն ասաց․ - «Մենք նման մասնակցություն չունենք, բայց ամբողջ արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակեցինք արդյունավետ արդարադատության մի հայեցակարգ, մեր կայքում տեղադրված է: Հիմա, դրանից ելնելով, ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում»: