Մոսկվայում օտարերկրյա լրատվամիջոցների մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի կարող բանակցություններ վարել Արցախի Հանրապետության անունից, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով հնարավորություն է տալիս հայական կողմին փորձել աստիճանական քայլերով դուրս գալ Մադրիդյան սկզբունքեր ասված ծուղակից։
Ըստ էության, Մոսկվայում Փաշինյանը վերահաստատեց նախորդ տարվա մայիսին Ստեփանակերտում արված իր հայտարարությունները, նկատելի էր նաև , որ Փաշինյանը օտարերկրյա լրատվամիջոցների մոտ օգտագործում էր ոչ Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախի Հանարապետություն ձևակերպումը, ասում է Բադալյանը. ֊ «Կարևոր է շեշտադրել, որ խոսքը իրավական, իրավաքաղաքական սուբյեկտի մասին է և ոչ միայն ժողովրդի և բնակչության, և երբ Փաշինյանը նշում է, որ Արցախի ժողովուրդը ձևավորում է իշխանություն և այդ իշխանությունը պետք է բանակցի, սա ոչ միայն սուբյեկտային իմաստով է կարևոր, այլ այն առումով, որ Ադրբեջանը փորձում է հայկական կողմի այս մոտեցմանը հակադրել այսպես ասած՝ ղարաբաղյան ադրբեջանական համայնք գործոնը, և այստեղ Արցախի իրավաքաղաքական վիճակի շեշտումը շատ կարևոր է ցույց տալու համար, որ այդտեղ ամենևին չեն կարող լինել համազոր կողմեր՝ ադրբեջանական ինչ֊որ համայնք և Արցախ, որովհետև հայաստանյան ղեկավարությունը Արցախը ներկայացնում է բարձր իրավաքաղաքական կարգավիճակով»։
Արցախը որպես կողմը ներգրավելու՝ Փաշինյանի հայտարարությունը կարևորելով հանդերձ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշում է՝ որևէ հստակեցում չի եղել, թե դա ինչ է իրենից ենթադրում։ Հիշեցնում է՝ հայտարարությանը զուգահեռ տեղի է ունենաում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ովքեր քննարկում են Ղարաբաղյան հարցի կարգավորումը:
«Եթե Հայաստանը խոսում է Հայաստանի անունից, ո՞րն է թեման։ Դա է, որ պարզ չի մինչև հիմա, դրա մասին չի խոսվում։ Այսօր սեղանի վրա շարունակում է մնալ այդ Մադրիդյան սկզբունքներ միտքը։ Մադրիդյան սկզբունքները վերաբերում են Ադրբեջանին և Արցախին։ Այնտեղ Հայաստանին վերաբերող որևէ կետ չկա։ Եվ այդտեղ ստացվում է, որ Մադրիդյան սկզբունքներ քննարկելը ընդհանրապես Հայաստանի գործը չէ։ Բայց իրականում ի՞նչ է կատարվում՝ ես չգիտեմ», ֊ մեկնաբանեց Սարգսյանը։
Մոսկվայում Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում իր նախկին հայտարարությունների շրջանակից դուրս քննարկումներ չեն եղել: Այս պարագայում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համար անհասկանալի են հանդիպումից հետո որոշ շրջանակների մոտ առկա մտահոգությունները․ ֊ «Կասկածները մի տեսա իռացիոնալ և փաստարկված չեն։ Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը, Նիկոլ Փաշինյանը անում է շատ հստակ հայտարարություններ՝ նույն այդ Արցախի մասին հայտարարությունը, որը շատ հստակ քաղաքական պատասխանատվություն է ենթադրում և Փաշինյանը ստանձնում է այդ պատասխանատվությունը հրապարակայնորեն»։
Անդրադառնալով Փաշինյանի աշխատանքային այցին Ռուսաստան, որի ընթացքում Հայաստանի վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարևորեց միասնական էներգետիկ շուկա ունենալու մասին Փաշինյանի հայտարարությունը։