Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը մինչև ամառ կվավերացնի Հայաստան - ԵՄ համաձայնագիրը


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը այսօր Գյումրիում հույս հայտնեց, որ իր երկրի խորհրդարանը մինչև ամառ կվավերացնի Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ընդգծեց՝ ի տարբերություն այլ երկրների՝ Ֆրանսիայում ընթացակարգը ավելի բարդ է:

«Համաձայնագիրը հաստատվել է նախարարների խորհրդի կողմից, բայց Ֆրանսիայում այդ գործընթացը մի փոքր երկար է, քանի որ այն պետք է քննարկվի մարզերի հետ, սակայն ես ոչ մի կասկած չունեմ, որ այն խորհրդարանում կհաստատվի մեծամասնության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները», - վստահեցրեց դեսպանը:

Եվրամիության անդամ 28 երկրից 9-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան արդեն վավերացրել են 2017 թվականին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը։
Դեսպանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է գնահատում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը Դավոսում:

«Կարծում եմ, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ցանկացած շփում, հանդիպում այդ մակարդակի վրա կարևոր է, դա թույլ է տալիս իրար ճանաչել մի կողմից, մյուս կողմից նախապատրաստվել հետագա՝ ավելի պաշտոնական հանդիպումների համար», - արձագանքեց Լաքոտը:

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, դրական է գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև հանդիպումների դինամիկան: Մասնավորապես 2 երկրների արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Փարիզում:

«Հունվարի 16-ին տեղի ունեցած հանդիպումն անցել է շատ դրական տոնայնությամբ և հույս ունենք, որ այդ դինամիկան կպահպանվի ինչպես նախարարական մակարդակի, այնպես էլ ավելի բարձր մակարդակի հանդիպումներում: Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր՝ ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար: Մենք վստահ ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով», - հայտարարեց Ֆրանսիայի դեսպանը:

Լաքոտն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվել է միջազգային մեծ ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, ընդգծեց բրիտանական «Էքոնոմիստի» վերջին հրապարակումը, որտեղ Հայաստանը հայտարարվել է տարվա երկիր: Դեսպանի կարծիքով՝ այդ դրական դինամիկան պետք է օգտագործվի բոլոր ոլորտներում: Ֆրանսիայի կառավարության ծրագրերից մեկն այս տարի Գյումրիում են իրականացնելու: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկեցին մարտի 21-ին Գյումրիում անցկացվելիք ֆրանսիական Գաստրոնոմիայի օրվա կազմակերպչական հարցերը:

Գյումրիի ճարտարապետությունը ևս հետքրքրում է դեսպանին․ նրա կարծիքով քաղաքը կարող է ընդգրկվել UNESCO֊ի ցուցակում:

Դեսպանից հետաքրքրվեցիք նաև Շառլ Ազնավուրի որդուց՝ Նիկոլա Ազնավուրից, ով ցանկանում է ընտանիքով տեղափոխվել Հայաստան:

«Նիկոլա Ազնավուրը, նրա կինն ու որդին նպատակ ունեն Հայաստանում բնակվելու: Մենք նրանց հետ շատ սերտ համագործակցության մեջ ենք: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ազանավուր հիմնադրամը լուրջ նպատակներ ունեն աշխատելու, որպեսզի ֆրանսիական մշակույթը ներկայացնեն ողջ Հայաստանով մեկ», - նշեց Ժոնաթան Լաքոտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG