Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն խախտումներ է բացահայտել Երևանի մանրածախ առևտրի ոլորտում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն հավասար մրցակցային պայմանների խախտումներ է բացահայտել Երևանի մանրածախ առևտրի ոլորտում։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի փոխանցմամբ՝ այս ոլորտում առաջին անգամ է նման ուսումնասիրություն արվում, այդ պատճառով բավարարվել են տնտեսվարողներին զգուշացում տալով. - «Մասնավորապես, շուրջ 150 տնտեսվարողների զգուշացում է տրվել, որոնցից 7-ը խոշոր առևտրային ցանցեր են, մնացածը՝ տարբեր ոլորտներում գործող խոշոր մատակարար ընկերություններ են հանդիսանում: Հանձնաժողովի այս որոշումը կանխարգելիչ բնույթ է կրում»:

Զգուշացում են ստացել խոշոր «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «ՍԱՍ», «Կրպակ», «Պարմա», «էՄ ՋԻ» սուպերմարկետները: Դրանք, ըստ ՏՄՊՊՀ-ի, իրենց գործողություններով կարող են սահմանափակել մրցակցությունը։

Լուրջ խնդիրներից Արտակ Շաբոյանն առանձնացրեց երեքը: Առաջինը՝ որոշ սուպերմարկետներ մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում իրենց մրցակիցներին: - «Այսինքն՝ տեսնում են, որ այլ սուպերմարկետներում տվյալ ապրանքը ավլեի էժան է վաճառվում, պարտադրում են իրենց մատակարարներին, որպեսզի վերջիններս պահանջեն մրցակից սուպերմարկետներին բարձրացնել այդ ապրանքների գները: Եվ եթե մատակարարը չի համաձայնում, այս դեպքում խոշոր առևտրային ցանցերը հրաժարվում են նրանց հետո աշխատելուց»:

Հաջորդը խնդիրը, ըստ հանձնաժողովի նախագահի, խոշոր առևտրային ցանցերի կողմից խտրական և տարբերակված մոտեցումն է իրենց մատակարարների նկատմամբ․ - «Այսինքն՝ որոշ մատակարարների ապրանքները ավելի լավ են ցուցադրում, մյուսներին ավելի վատ: Որոշ մատակարարներին ավելի շուտ են վճարում, մյուսներին ավելի ուշ և այդպես շարունակ»:

Հանձնաժողովը պահանջել է ապահովել արդար մրցակցային պայմաններ՝ նույն հնարավորությունները տալով նմանատիպ մատակարարներին։ - «Պետք է մատակարարման հստակ չափանիշներ, պահանջներ սահմանեն, դրանք լինեն թափանցիկ և հրապարակային, և այն մատակարարը, որը կբավարարի այդ պայմաններին կամ ավելի լավ պայման կառաջարկի, նրան էլ պետք է տրվի նախապատվությունը», - ընդգծեց Արտակ Շաբոյանը:

Մանրածախ առևտրի ոլորտում իրենց մեղքի բաժինն ունեն նաև խոշոր մատակարարները, որոնք իրենց ոլորտներում գերիշխող դիրք են զբաղեցնում։ Նրանք պահանջներ են թելադրում խանութներին. օրինակ՝ խանութի պահանջարկից ավել կամ շուկա նոր մուտք գործող և հանրությանն անծանոթ ապրանքներ ձեռք բերել․ - «Եվ այս ճանապարհով խոշոր մատակարարները, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում, փաստորեն անուղղակիորեն պահանջում են, որպեսզի խանութները իրենց համար անվճար մարկետինգային ծառայություններ մատուցեն: Երբ խանութները հրաժարվում են, այս դեպքում խոշոր մատակարարները դադարեցնում են այդ խանութների հետ աշխատանքը»:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև, թե որքանով են օբեկտիվ առևտրային ցանցերի ունեցած առավելությունները։ Բազմաթիվ լայն սպառման ապրանքների գծով առևտրային ցանցերը մատակարարներից միջինում 2-3 տոկոսի չափով ավելի էժան են ձեռքբերում, ինչի արդյունքում, ի տարբերություն փոքր խանութների, կարողանում են դրանք վաճառել ավելի ցածր գնով։ Բացի այդ մատակարարները ապրանքների դիմաց վճարում կատարելու համար խոշոր ցանցերի տրամադրում են ավելի երկար ժամկետներ, քան փոքրերին, ինչը լրացուցիչ առավելություն է։

«Երևան Սիթիից», ՍԱՍ-ից և «Պարմա»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ ծանոթ չեն ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG