Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորներին անվստահություն հայտնելու հարց բուհերի հոգաբարձուների խորհուրդների նորընտիր նախագահների օրակարգում չկա։ Այդ մասին «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեցին ԵՊՀ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահներ Գևորգ Մուրադյանն ու Վահան Արծրունին։
Երկու բուհերի հոգաբարձուների խորհուրդների նորընտիր նախագահներն այդուհանդերձ վստահեցրեցին՝ օրակարգում մեծ փոփոխություններն են։
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ազատություն». - Պարոն Մուրադյան, Դուք, մասնավորապես, այս պաշտոնում փոխարինել եք Սերժ Սարգսյանին, պարոն Արծրունի, Դուք էլ՝ Արմեն Աշոտյանին, ես սա շեշտում եմ, որովհետև գուցե սա նաև ենթադրում է, որ ձեզանից մեծ փոփոխություններ են ակնկալելու, օրինակ՝ հեղափոխության արժեքները բերել բուհեր։
Մուրադյան. - Օրակարգ՝ մեծ փոփոխությունների՝ այո՛, բայց կրթական համակարգում փոփոխությունները, որպես այդպիսին, դա վերաբերվում է թե՛ բարձրագույն կրթությանը, թե՛ մնացած բոլոր տեսակի կրթություններին, հեղափոխության, ոչ հեղափոխության հետ կապված՝ փոփոխությունները շատ ավելի դանդաղ են գնում, քան հասարակությունն ուզում է սպասել, ուղղակի նաև կապված է նրա հետ, որ պրոցեսի ցիկլները տարով են որոշում և ոչ թե օրով կամ շաբաթով։ Հետևաբար՝ փոփոխություններ կլինեն, դրա վրա կաշխատենք շատ, բայց արդյունքի տեսակետից ժամկետները մի քիչ այլ են։
Արծրունի. - Որոշակի սկզբունքներ կան՝ ինքնավարության սկզբունքը, թափանցիկության սկզբունքը, և ընդհանրապես կոլեգիալ որոշում կայացնելու՝ միայն քվեարկությամբ և մեծամասնության ձայնի առկայությամբ։ Եթե հավատարիմ ես մնում այդ սկզբունքներին և որդեգրում ես այդ իդեաներն, այդ գաղափարները, ցանկացած գաղափար կարելի է կյանքի կոչել։
«Ազատություն». - Արագ փոփոխությունը կարելի՞ է նշանակել, օրինակ, ռեկտորի փոփոխությունը, որովհետև խորհուրդը կարող է անվստահություն հայտնել։ Մասնավորապես, Արամ Սիմոնյանին և Արմեն Մուրադյանին անվստահություն հայտնելու առնվազն ցանկություն, կամ անհրաժեշտություն ունե՞ք, տեսնո՞ւմ եք։
Մուրադյան. - Այս պահին նման հարց օրակարգում չկա։
Արծրունի. - Նմանապես։
«Ազատություն». - Պարոն Մուրադյան, մասնավորապես Ձեր մասով, ինչո՞ւ, տեսեք, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարում է ԵՊՀ-ում չարաշահումների մասին՝ պնդելով, որ դրանք կարելի է համարել ապացուցված։ Ասում է՝ «դատարանում կտեսնեք»։
Մուրադյան. - Դրանց մասին լսել եմ՝ երկուսի հարցազրույցներն էլ, հայտարարություններն էլ։ Իրավական տեսակետից որպեսզի խորհուրդը որոշակի կարծիք, որոշում կայացնի, այդ փաստաթղթերին պետք է ծանոթանալ։ Այս պահին ոչ մի փաստաթուղթ ԵՊՀ խորհուրդ չի մտել, որպեսզի մենք կարողանանք ծանոթանալ և ըստ դրա որոշել, թե ինչի հիման վրա են արված այդ հայտարարությունները, և ըստ դրա քայլեր ձեռնարկելու կամ չձեռնարկելու մասին հարց դրվի։ Իհարկե, երբ որ Վերահսկողական ծառայությունն այդ փաստաթղթը կհրապարակի, դրանից հետո խորհուրդն իր կարծիքը կկարողանա հայտնել։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․