Մատչելիության հղումներ

«Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում»․ Փաշինյանը՝ Ալիևի հետ բանակցությունների մասին


Դավադրություններ լինել չեն կարող և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ քննարկվում է այն, ինչի մասին խոսվում է հրապարակավ՝ այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հետ երեկ Դավոսում ժամուկես տևած քննարկմանը:

«Ըստ էության, մենք քննարկում ենք ավելի շատ բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր, իհարկե քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան, և ես ուզում եմ ասել, որ ոչ մի էսպես կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում», - մանրամասնեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու, շփվելու հնարավորություն է, և ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ էդ բանակցություններում, քննարկումներում խոսվում է էն ամենը, ինչ մենք խոսում ենք նաև հրապարակային»:

Ըստ Փաշինյանի, պայմանավորվածություն կա չխուսափել հանդիպելուց միջազգային որևէ հարթակում, եթե ներկա են երկու երկրների առաջնորդները․ - «Լինում ենք դեպքեր, լինում են մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են մեր հանրությանը ներշնչել, թե՝ այ, տեսեք, ինչ֊որ դավադրությունների տեսություններ կառուցել և այլն: Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, որովհետև դա աբսուրդ է՝ նույնիսկ մտածել այդ մասին: Ես այս թեմայով մի քանի անգամ խոսել եմ նախկինում, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը մտածում է, թե կարող է մեր կառավարությունը կամ ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ: Իհարկե, հասկանալի է, որ երբ որ խոսում են երկու երկրների ղեկավարներ, ղեկավարներից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից և այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուր ըմբռնման հետևանք է»:

Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ անցած տարվա մայիսից ի վեր, Նիկոլ Փաշինյանն արդեն չորրորդ անգամ է հանդիպում Իլհամ Ալիևի հետ: Ընդ որում, դավոսյան հանդիպումը հաջորդեց ճիշտ մեկ շաբաթ առաջ Փարիզում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների չորսժամանոց հանդիպմանը, որի արդյունքում, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների, նախարարները «համաձայնեցին բնակչություններին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև երեկվա հանդիպմանը՝ քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմերը և միջազգային հանրությունը փորձում են խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարժել մեռյալ կետից:

«Փաստացի՝ վերջին 7-8 տարիներին մենք ունեցել ենք բանակցային գործընթաց, որը եղել է մեռած վիճակում: Ամենաուժեղ հարվածը բանակցային գործընթացը, իհարկե, ստացավ ապրիլյան պատերազմից հետո, բայց մինչև այդ էլ, փաստորեն, կազանյան ձախողումից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկար, և դրա փոխարեն կար ուրիշ բան՝ լարվածություն շփման գծում: Պետք չէ հիմա մեծ ակնկալիքներ ունենալ, որ՝ այ, ինչպես ընդդիմությունն է ասում, շատ շուտով մենք կտեսնենք առաջընթաց, խոսում է տարածքներ զիջելու, էլ չեմ ասում՝ Արցախը ծախելու մասին: Ոչ, ես կարծում եմ, որ հիմա փորձ է արվում գործընթացը բերել հասկանալի տրամաբանական հարթության մեջ, զերծ պահե այն ռազմական հռետորաբանությունից և պատերազմական քարոզչությունից», - նշեց Հակոբյանը:

Վաշինգտոնում գործող Jamestown հիմնադրամի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը շարունակում է զինվել, և սպասվում է, որ առաջիկայում Ռուսաստանի հետ կնքելու է սպառազինության մատակարարման մոտ 400 միլիոն դոլարի հասնող պայմանագրեր: Աբրահամյանը հավելեց, եթե անցած տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն շուրջ 1.5 միլիարդ դոլար էր, ապա այս տարի այն աճել է՝ կազմելով 1.8 միլիարդ դոլար:

«Եթե Ադրբեջանի կարմիր գիծը այն է, որ Արցախը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա ես չեմ կարողանում հստակ պատկերացնել հայկական կողմը ի՞նչ բանակցություններ կարող է վարել այս դեպքում Բաքվի հետ: Այլ բան է, որ կա երկկողմ պայմանավորվածություն՝ ավելի վերահսկելի դարձնել սահմանային միջադեպերը», - կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG