Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։
Պատճառաբանվեց, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության բողոքի օրինակը և ծանոթ չէ, թե ինչ հիմքով է դատախազությունը բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 17-ին։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունը նոր բողոք է բերել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կալանավորել Գևորգյանին։
Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Դեկտեմբերի 11-ին Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով: