Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս անգամ ընթացակարգում նորամուծություն կա, և պատգամավորներին մանդատ կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այլ՝ ընտրողները։
«Պատգամավորին մանդատը կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, ինչպես նախկինում էր, այլ կհանձնի ընտրող, և դրա համար ընտրվել են ընտրողներ վիճակահանությամբ՝ համակարգչային եղանակով։ Ամեն տարածքից՝ 13 տարածքներից, երկուական, և երկու ընտրող էլ առաջին անգամ քվեարկող, որոնց 18 տարին լրացել է դեկտեմբերի 9-ին: Եվ նաև ամենատարեց ընտրողին ենք հրավիրել, որը որ քվեարկել է։ Այս բոլոր 28 ընտրողները, որոնք կմասնակցեն, քվեարկությանը մասնակցած ընտրողներ են», - ասաց Սմբատյանը։
Հարցին՝ հրավիրվե՞լ են արդյոք նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները, ԿԸՀ քարտուղարը պատասխանեց. - «Ոչ, միայն ընտրված պատգամավորները, ինչպես որ միշտ»։
«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնում, որ արարողակարգը խորհրդանշական է նոր Հայաստանի համար, քանի որ ևս մեկ անգամ ընդգծում է, որ արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրողներն են այդ մանդատները վստահել պատգամավորներին:
«Շատ հաճելի է, շատ դրական է, շատ պարտավորեցնող է, ու շատ ուրախ եմ, որ այդպիսի որոշում է կայացվել։ Ես Ձեզ ասեմ՝ առաջին բանը, որ ես մտածեցի՝ որ ինձ շատ պարտավորեցնելու է էդ փաստը։ Շատ գեղեցիկ բան է, ինձ շատ դուր եկավ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սիմոնյանը։
Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18։ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:
Ըստ Սահմանադրության, նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: