Մատչելիության հղումներ

Գյումրիի դրամատիկական թատրոնը 2018-ին աննախադեպ հաջողություններ է արձանագրել


Գյումրիի դրամատիկական թատրոնը այս տարի ավելի քան 61 հազար հանդիսատես է ունեցել, որը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: Աճեմյանցիները սա աննախադեպ են համարում:

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը սեպտեմբերին ստանձնեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը, ինչից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշանակվեց նաև թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ապրիլին տնօրենի ընտրության մրցույթը կանցկացվի: Թատրոնը իր թեկնածուն կունենա, ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

«Փորձը ցույց է տվել՝ երբ որ կարողանում է թատրոնի միջից լինել թեկնածուն, սա շատ է օգնում թատրոնին: Մեկ անգամ մենք ասեցինք, որ գիտե՞ք ինչ, մենք կարծում ենք, որ ճիշտ է, որ մեր թեկնածուն լինի՝ մեր թեկածուն եղավ, և կարծում եմ՝ հետևանքի մասին կարիք չկա խոսելու՝ տեսանք, որ կարողացավ աշխատել, ու ես իրավունք կվերապահեմ ինձ ասել, որ լավ աշխատել: Որովհետև յուրաքանչյուր էս հաջողությունները, ինչի մասին ես խոսում եմ, անմիջականորեն կապում եմ նաև տնօրենի հետ: Սա շատ կարևոր է», - ասաց տնօրենի պաշտոնակատարը՝ ընդգծելով․ - «Չի կարելի թատրոնին ինչ-որ բան պարտադրել»:

«Միանշանակ, շատ հստակ ասեմ՝ թատրոնը կունենա ընտրություններին իր թեկնածուն», - հայտարարեց Հարությունյանը, սակայն չհայտնեց, թե ով է այդ թեկնածուն, հարցին էլ՝ հնարավո՞ր է ինքն է, արձագանգեց՝ գուցե:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խորհրդատու, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չթաքցրեց՝ հենց Լյուդվիգ Հարությունյանին է տեսնում տնօրենի պաշտոնում, մյուս հավակնորդներին էլ խորհուրդ տվեց․ - «Բոլոր էն մարդկանց, որոնք իսկապես շատ են ուզում էստեղ խցկվել, խորհուրդ եմ տալիս չգալ»:

Աճեմյանցիներն այս տարի հյուրախաղերով շրջեցին Հայաստանում, եղան Արցախում և Լիբանանում: Հունվարին էլ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ կլինեն Միացյալ Նահանգներում:

«Մոտ 20 տարի անց թատրոնը դուրս է գալիս հյուրախաղերի արդեն արտերկիր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ենք մեկնում, հունվարի 27-ին մենք արդեն ներկայացում ունենք խաղալու Լոս Անջելեսում: Սա շատ կարևոր է թատրոնի համար, որովհետև երբ որ դու աշխատում ես ու ցույց ես տալիս Հայաստանից դուրս, թե ինչ ես անում, սա շատ կարևոր է մեզ համար: Եվ կարծում եմ, որ էս ավանդույթը պիտի շարունակվի, 2019 թվականին նաև արդեն կան ծրագրեր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո հյուրախաղերով հանդես գանք Մոսկվայում», - ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Հաջորդ տարվա ծրագրերից էլ խոսեցին: Նախատեսում են չորս առաջնախաղով ներկայանալ հանդիսատեսին: «2019 թվականին մենք կունենանք նորից չորս առաջնախաղ, որից առաջինը, ինչպես գիտեք, 2019 թվականը հոբելյանական տարի է Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Շանթի՝ թատրոնը պիտի անդրադարձ ունենա», - նշեց տնօրենի պաշտոնակատարը:

Ի դեպ, աճեմյանցիներն անդրադարձան նաև Կրթության և գիտության նախարարությանը Մշակույթի նախարարության նախատեսվող միացմանը: Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ իր համար կարևոր է, որ մշակույթը դրա արդյունքում չտուժի․ - «Կարևորը՝ մշակույթի գործիչներն ու մշակույթի մարդիկ կարողանան լավ աշխատել: Ինձ չի անհանգստացնում, ուրախ կլինեմ, որ լինի Մշակույթի նախարարություն, եթե չլինի էլ՝ վստահ եմ, որ պիտի էնպիսի մի կառույց ստեղծվի, որ չտուժի արվեստն ու մշակույթն ու գործիչները»:

Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով՝ պետք է ոչ թե Մշակույթի նախարությունը լուծարել, այլ կառավարման նոր համակարգ ներդնել․ - «Նախարարությունը փոքրացնել․․․ Ուրիշ հարց, որ նախարարությունը իսկապես էնպես չի աշխատում, որ գոհ լինենք, բայց ուրեմն պետք է ինչ-որ ծրագրեր իրականացնել, նոր ձևի կառավարման համակարգ ստեղծել, որպեսզի նախարարությունը սկսի իր ֆունկցիան իսկապես բարձր կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG