Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին ընդունեց Երևանի 2019 թվականի բյուջեն


Երևանի ավագանին ընդունեց Երևանի 2019 թվականի բյուջեն 38 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։

Այս տարվա վերջին նիստը անցավ թեժ քննարկումներով, բանավեճերով և տևեց բավականին երկար։ Օրը ոչ միայն բյուջեի քննարկումներով աչքի ընկավ, այլ նիստի սկզբում առաջարկվեց, որպեսզի բյուջեն հանվի օրակարգից: Առաջարկողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր, որին միացան նաև «Լույս» խմբակցության անդամները, սակայն առաջարկը չընդունվեց։

Երբ ներկայացվում էր Երևանի առաջիկա զարգացման հնգամյա զարգացման ծրագիրը, «Լույս» խմբակցության անդամները հիշեցին տրանսպորտի հարցը։ Այն ծրագիրը, որ մշակվել էր հին քաղաքային իշխանության օրոք։ Խոսքը նոր տրանսպորտային համակարգի, նոր ցանցի մասին էր, որը մնացել էր թղթի վրա։

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քննադատեց Հայկ Մարությանի քաղաքային իշխանությանը՝ ասելով, որ նրանք դեռ չեն կարողանում իրագործել արդեն պատրաստ և թղթից գործի հնարավորինս շուտ վերածվող այդ ծրագիրը։

«Մենք նախկինում անում էինք նիստեր, որտեղ գալիս էին անգլիացի խորհրդատուներ և իրականացնում էինք ինտերակտիվ քննարկումներ։ Փաստաթղթերով ինչ են ներկայացրել․ եթե 18 թվականին իրենք զեկույցի մեջ նշել են, որ 13 թվականի էդ ճշգրտումները իրականացրել են, գուցե ճշգրտման անհրաժեշտություն կա և հաշվի առնելով, որ հոսքերը մեկ առ մեկ փակվում են, վստահ եմ նաև, որ այդ հոսքերը փոփոխությունների ենթարկվելու են։ Ինձ համար անհասկանալի է, որ այդ հոսքերի ճշգրտման խնդիրը մենք պատրաստվում ենք լուծել երկու տարվա ընթացքում», - ասաց Խաժակյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությունը արձագանքելով Դավիթ Խաժակյանին ասաց. - «Իրենց ճշգրտումը մինչև հունվարի վերջ լինելու է, ի՞նչ երկու տարվա մասին է խոսքը։ Արդյունքների հետ կապված կհասկանանք՝ սա 20 տոկոսից ավել է թե ոչ, և ես շատ մեծ հույսեր եմ կապում, որ ոչ»։

Հայկ Մարությանը հիշեց ավագանու կազմում աշխատած «Լույս» խմբակցության անդամներին։ Նշեց, որ նրանք ստացել են ամսական 55 հազար դրամ, որպես ավագանու աշխատանքի փոխհատուցում բյուջեից, և հավելեց, որ իրենց ստացածի դիմաց ոչինչ չի արել։

Քաղաքապետի այս դիտարկումը բորբոքեց խմբակցության անդամներին։ Նրանք նշեցին, որ փաստացի ստացվում է այնպես, որ գիծ է քաշվում իրենց և ավագանու աշխատանքի միջև ու պետք է, ըստ Դավիթ Խաժակյանի, այսուհետև ամեն ծախսած գումարի դիմաց պահանջեն հաշվետվություն։

Կրքերը բորբոքվեցին նաև «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և «Իմ քայլը» դաշինքի անդամների միջև։ Անի Խաչատրյանը հանդես եկավ փոխադարձ ելույթով: Նա նշեց, որ այդ 55 հազար դրամով, որը ստացել է ավագանին նախորդ մեկ տարվա ընթացքում, բազմաթիվ աշխատանք է արվել և Հայկ Մարությանն իրավունք չունի նման բնորոշումներ տալ։

«Լույս» խմբակցությանը անդամները հիշեցին, որ նախկին ավագանու կազմում եղել է նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«55 հազար դրամով, պարոն քաղաքապետ, «Ելք» խմբակցությունը եղել է Արցախում և Թբիլիսիում, որտեղից փորձ է ձեռք բերել, բերել Հայաստան։ Բայց այդ գումարները նույն գործի համար, Դուք, պարոն քաղաքապետ, բյուջեից եք դուրս գրում։ Այդ 55 հազար դրամի շնորհիվ Դուք այսօր, պարոն քաղաքապետ, քաղաքապետ եք», - ասաց խմբակցության անդամներից մեկը։

Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշեց, որ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տրամադրում «Լույս» խմբակցության անդամները. - «Երբ ելույթի մեջ ուղղակի ասվում է կեղծ տեղեկատվություն, և ասվում է, որ գիտեք ինչ կա ասել եք էսպես երկու տարի հետո նոր կսկսեք, էսպիսի բան երբեք չի ասվել։ Ես ակտիվիստ եմ ու միշտ պայքարել եմ, որ էն, ինչ-որ էդ մարդիկ արել են թեկուզ և ինչ-որ գումար ստանալով ես արել եմ անվճար։ Պետք չի մատնանշել, որ էս ինչի է էսպես։ Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ինչու է այս բրիտանական ընկերության րիփորթը էսպիսին։ Կներեք ես ավելի շատ մեղադրելու տեղ ունեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG