Մատչելիության հղումներ

«Դեմ ենք Սփյուռքի նախարարության լուծարմանը»․ ակցիային մասնակցեցին նաև հայրենադարձները


«Դեմ ենք Սփյուռքի նախարարության լուծարմանը» պաստառներով մի խումբ հայրենադարձներ Սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ այսօր երթով շարժվեցին դեպի կառավարություն։

Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը հիմնավոր չի համարում բացատրությունը, թե մյուս նախարարություններում կան սփյուռքին վերաբերող բաժիններ, ասում է՝ դրանք միայն ոլորտային խնդիրներ են լուծում և քաղաքականություն իրականացնող մարմիններ չեն:

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի փոփոխությունների համաձայն՝ Սփյուռքի նախարարությունը, ի տարբերություն վերակազմավորվող մյուս չորսի, լուծարվում է:

«Քանի մենք սփյուռք ունենք, Սփյուռքի նախարարություն պետք է ունենանք, եթե չենք ունենա սփյուռք, այդ նախարարությունը կլուծարվի։ Օպտիմալացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև առանց այդ էլ Սփյուռքի նախարարությունը շատ փոքր կազմով է աշխատում։ Հայրենադարձության բաժնի պետը ես եմ, այդ բաժինն ունի ընդամենը երկու աշխատող՝ բաժնի պետ և առաջատար մասնագետ։ Հարյուրավոր ընտանիքներ են գալիս, այդ աշխատանքը կատարում է այդ փոքր բաժինը, իսկ վարչությունը ընդամենը հինգ անդամ ունի», - ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Մենք հասկանում ենք, որ որոշ կառուցվածքային փոփոխությունների կարիք կա։ Մենք ինքներս ենք հասկանում և մենք դրան դեմ չենք, մենք հարց ենք բարձրացնում՝ ո՞վ պետք է համակարգի Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ո՞վ պետք է իրականացնի հայրենադարձությունը, ո՞վ պետք է հայապահպանության խնդիրը լուծի՝ էսօր սփյուռքում ձուլման խնդիրը արագացել է»:

«Մեր ծախսերը այնքան համեստ են, որ դա ուղղակի արգումենտ չի կարող լինել։ Նախարարության պահպանման ծախսը ընդամենը 500 հազար դոլարին համարժեք է։ Սփյուռքը այս տարիների ընթացքում բազմաթիվ 500 հազարներ է Հայաստանին օժանդակել և նվիրաբերել։ Դա ընդամենը մեկ դպրոցի ծախս է՝ վերանորոգման կամ կառուցման։ Մեր խնդիրը ինստիտուտի գոյությունն է, կապ չունի՝ մենք այդ ինստիտուտում կաշխատե՞նք, թե՞ կգան նոր, ավելի պրոֆեսիոնալ կադրեր։ Ինստիտուտի պահպանության հարցն է», - շեշտեց պաշտոնյան:

Նախարարության մի խումբ աշխատակիցներ ակցիայի մասնակիցների հետ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակ փոխանցեցին: Նամակն ընդունեց կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

«Իրենցից եկած տարբեր արձագանքներ են, ստեղ էլ կան նամակներ պարոն վարչապետին, որովհետև մարդիկ կցանկանան նաև, որպեսզի իրենց նամակներին պատասխանեն», - նշեց Ղազարյանը։

«Ազատության» հարցին՝ եթե դրական պատասխան չստանան, շարունակելո՞ւ են բողոքի ակցիաները, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ փոխնախագահ Ալեքսան Գարատանայանը պատասխանեց. - «Ոչ, մենք բողոքի ակցիա չենք անում, մենք չենք ուզում քաղաքականացնել։ Սպասելու ենք պատասխանին, պատասխանն էլ արդեն մենք լրատվամիջոցներով կլսենք, կիմանանք մանրամասնությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG