Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունը


Գլխավոր դատախազությունն արդեն վերաքննիչ ատյան է մուտքագրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոքը, այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։

Այսօր դեռ կեսօրին Արթուր Դավթյանը, անձամբ հանդիպելով կառույցի առջև բողոքի ակցիա իրականցնող ցուցարարներին, տեղեկացրել էր, որ մեղադրող կողմի ու քաղաքացիների դիրքորոշումը համընկնում է և կարծիք էր հայտնել, որ ԵԿՄ նախկին նախագահ Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Ուրբաթ ուշ երեկոյան Գրիգորյանը դուրս եկավ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա կալանքը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։

Որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները, սակայն Դավթյանի խոսքով՝ այդ փաստը իրենց համար համոզիչ չէ։

«Մենք գտնում ենք, որ նրա հիվանդությունները էնպիսին չէին, որոնք անհամատեղելի լինեին կալանքի հետ։ Այն հիվանդությունները, որոնցով տառապում է մեղադրյալը, դրանցով, որպեսզի համատեղելիությունը պարզվի, նշանակված է փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա», - նշեց դատախազը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք անձեռմխելիությունից զրկված պատգամավոր Գրիգորյանը կարող է ազատության մեջ գտնվելով խոչընդոտել նախաքննությանը, Դավթյանը պատասխանեց. - «Մենք տեսնում ենք այդ հիմքերը, որ ազատության մեջ մնալով կարող է օրենքով պահանջված պատշաճ վարքագիծը չապահովի: Մենք այդ կանխատեսումները հիմնավորում ենք»։

Արթուր Դավթյանի խոսքով, հաշվի առնելով հանրային պահանջը, դատախազությունը սահմանված ժամկետից արագ է պատրաստել բողոքը։ Հավաքված քաղաքացիներին, որոնք ցանկանում են հնարավորինս շուտ Գրիգորյանին տեսնել անազատության մեջ, դատախազը նաև բացատրեց, որ մեղադրող կողմի բողոքը քննելու որոշումը վերաքննիչ ատյանը կայացնում է եռօրյա ժամկետում։

«Ես ուզում եմ մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ», - ընդգծեց Դավթյանը։

Նա նշեց, որ նախաքննությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ ու նշանակված են փորձաքննություններ։ Նաև չբացառեց, որ դրանց արդյունքում Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել։

ԱԺ պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Ինքը՝ Գրիգորյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ավելի վաղ՝ դեռ մինչև ազատ արձակվելը, Գրիգորյանի պաշտպանները նշել էին, որ գեներալը կարող է գտնել այն մարդկանց, ովքեր իր ամառանոց են տեղափոխել զենքն ու «զինվորի բաժին» մակնշմամբ սննդի արկղերը։ Ըստ Արսեն Մկրտչյանի, նախաքննությանն օժանդակելու պայմանը բացառապես ազատության մեջ լիներն էր։

«Ազատության» այս դիտարկմանը գլխավոր դատախազն արձագանքեց. - «Նախաքննական մարմինը մեղադրյալի հետ պայմաններով չի աշխատում, նախաքքնական մարմինը կամ ունի որոշակի խափանման միջոց ընդունելու հիմքեր կամ չունի, իրականացնում է իր գործառույթը։ Մեղադրյալն էլ իր հերթին ունի դատավարական իրավունքներ՝ ցուցմունք տալու, չտալու և այլն»։

Դատախազը հեռացավ, իսկ ակցիայի մասնակիցները որոշեցին՝ երբ մեղադրող կողմի բողոքը հասնի վճռաբեկ, իրենք արդեն կգնան այնտեղ ու ցույցերը կշարունակեն վճռաբեկի առջև։ Ասացին, որ գլխավոր դատախազի պահանջը իրենց գոհացնում է։

«Ինչ-որ չափով դա բավարար էր։ Այո, դատախազին շնորհակալ ենք, նա իջավ մեր պահանջին համապատասխան մեր հետ խոսեց, դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունները մեր հետ են, մեր իշխանությունները լեգիտիմ են և ժողովրդավար։ Ի՞նչն է մեր հաջորդ պահանջը, մեր հաջորդ պահանջն է արագացված դատավարություն, որ մենք ստիպված չլինենք Նոր տարին հանդուրժել իրա ներկայությունը», - նշեց ցուցարարներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG