Այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը լրանում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքերը բողոքարկելու վերջնաժամկետը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատությանն» ասաց, որ եթե մինչև 18:00 որևէ քաղաքական ուժ չդիմի Սահմանադրական դատարան, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և կազմավորված կճանաչի Ազգային ժողովը․ - «Եթե չի լինի դիմումներ, ապա կուսակցություններին կտրամադրվի որոշակի ողջամիտ ժամկետ, որպեսզի եթե կան ինքնաբացարկներ, իրենք ներկայացնեն ինքնաբացարկները, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր ինքնաբացարկների հետ կապված կկայացնի համապատասխան որոշումներ, այնուհետև կկազմի արձանագրություն արդեն մանդատներ տրամադրելու մասին և, բնականաբար, կհայտարարվի նաև առաջին նիստի օրը, ու հետագայում կտրամադրվեն մանդատները»:
Անցած կիրակի՝ դեկտեմբերի 15-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին արդյունքներն ու բաշխեց պատգամավորական մանդատները։
7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր։ Անցողիկ շեմը հաղթահարած երեք կուսակցությունները մանդատները կկիսեն հետևյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստանում է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ն էլ՝ 18 մանդատ։