Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է խորհրդարանին՝ հորդորելով հաշվի առնել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի խնդրանքն ու երկարաձգել նրա սպանության գործի վաղեմության ժամկետը:
«Որպես Վրաստանի նախագահ՝ չեմ կարող չկիսել Գամսախուրդիայի ընտանիքի մտահոգությունը, գիտեմ, որ նրանց պահանջների իրագործման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, ինչը դուրս է նախագահի լիազորություններից», - գրել է Զուրաբիշվիլին՝ խորհրդարան ուղարկած նամակում:
Մի քանի օր է՝ Վրաստանի առաջին նախագահի որդիները՝ Կոնստանտին և Զոտնե Գամսախուրդիաները, հացադուլ են հայտարարել՝ հոր մահվան հանգամանքները քննելու և մեղավորներին պատժելու պահանջով:
Գամսախուրդիան մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 31-ին՝ մինչ այժմ անհայտ հանգամանքներում:
Ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել, ինչը, սակայն, հարազատներն ու աջակիցները, կասկածի տակ են առնում:
2015-ին դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որի վաղեմության ժամկետն ավարտվում է այս տարեվերջին: