Մատչելիության հղումներ

Գյումրիում կկայանա «Իմ քայլը հանուն Շիրակի» խորագրով գործարար համաժողով


Հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ անելու առաջարկներ շատ կան, ժամանակն է օդից կախված առաջարկներն ի մի բերել, այսօր Գյումրիում հայտարարեց տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով՝ առաջիկայում հենց Գյումրիում կկայանա «Իմ քայլը հանուն Շիրակի» խորագրով գործարար համաժողով:

«Համաժողովին պիտի հրավիրենք, և նաև կարող են մասնակցել արտասահմանում գտնվող հայ գործարարներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում ներդրում կատարել՝ գան և Շիրակում ներդրում կատարեն», - մանրամասնեց Պապիկյանը:

Կառավարության համար առաջնահերթ է մարզերի համաչափ զարգացումը: Նախարարի պաշտոնակատարը կրկին շեշտեց, որ Երևանին պետական բյուջեից հատկացվող դոտացիան պետք է վերանայել: - «Ես կարծում եմ, որ դրա մի մասը նույնպես պիտի տրամադրվի մարզերի զարգացմանը», - հայտարարեց նա:

Այսօր Գյումրիում «Արդա» բարեգործական կազմակերպությունը շահագործման հանձնեց ևս 12 սոցիալական բնակարան՝ ամերիկահայ բարերար Նունե և Սարգիս Սեբեջյանների ֆինանսական ներդրմամբ: Անցած տարի էլ բարերարները 11 բնակարան էին կառուցել Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Տնակներից Գյումրին ազատելու տարբերակներից մեկն էլ համարվում է սոցիալական բնակարանների շինարարությունը:

«Արդա» բարեգործական կազմակերպության տնօրեն Հրատ Ստեփանյանը չբացառեց, որ ծրագիրը շարունակություն կունենա: - «Ամեն ինչ հնարավոր է: Ցանկացած հաջողված փուլ հաջորդ տարվա ծրագիր է բացում», - նշեց Ստեփանյանը:

Բնակարանները առանց սեփականաշնորհելու իրավունքի են տրամադրվում բնակիչներին, վճարվում են նաև 6 ամսվա կոմունալ վարձերը:

Բնակիչներից՝ 72-ամյա Մամիկոն Մարտիկյանը տնակից երեկ է բնակարան տեղափոխվել, ասում է՝ համեմատելի չեն պայմանները: - «Հմի արդեն կարելի է մտածել, որ թեկուզ ամուսնանամ էլ․․․ 94 թվից է՝ ես դոմիկի մեջ կապրիմ: Դոմիկի մեջ ես չեմ կռնա ապրիմ, ո՞ւմ բերեմ: Սա հուշտ կեղնեին՝ փախնեինգը», - անկեղծացավ Մարտիկյանը:

Դեկտեմբեր 7֊ի կառավարության արտագնա նիստում հանձնարարվեց գույքագրել աղետի գոտում առկա տնակները, որից հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ ծավալի խնդրի կա լուծելու ու որքան գումար կպահանջվի:

Սուրեն Պապիկյանը Գյումրիում նաև 2 նորակառույց նախակրթարանների բացմանը մասնակցեց: Նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ հաջորդ տարի Գյումրիում որևէ տնակային կամ վթարային շենքում գործող մանկապարտեզ այլևս չի լինի: Ի տարբերություն Երևանի, Գյումրիում մանկապարտեզները վճարովի են: Սուրեն Պապիկյանի կարծիքով Հայաստանում բոլորը պետք է հավասար լինեն․ - «Ես հակված եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները լինեն հավասար, բոլոր քաղաքացիների երեխաները օգտվեն բոլոր ծառայություններից հավասար սկզբունքներով: Այսինքն՝ արտոնյալ քաղաք Հայաստանում պիտի չլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG