Մատչելիության հղումներ

Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ. դեսպան


«Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիաների գործունեության շուրջ», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կոպիրկինը չթաքցրեց, որ այդ հարցն անհանգստացնում է ռուսական կողմին․ - «Իմ տպավորությամբ, իմ ունեցած տեղեկությամբ, հայկական կողմի հետ երկխոսությունը ընթանում է բավականին կառուցողական։ Այսինքն, կա փոխըմբռում այդ հարցերում, և ես չեմ բացառում, որ որևէ փուլում մենք կհասնենք ընդհանուր փոխըմբռնման ու պայմանավորվածության: Թե ինչ տեսքով այդ պայմանավորվածությունը կամրագրվի, ես այս պահին չեմ կարող ասել, բայց որևէ արգելքի կամ թելադրանքի մասին անգամ խոսք լինել չի կարող»։

Դեսպանն այսօր, ըստ էության, խմբագրեց երեկ Комсомольская правда-ին տված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորովի հարցազրույցը։ Դրանում, հիշեցնեմ, ռուսական արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը արգելող փաստաթղթի մշակումը մոտենում է ավարտին: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջում տեղադրված սղագրությունից պարզ դարձավ, որ խոսքը վերաբերում է Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներին:

Սերգեյ Կոպիրկինը հաստատեց, որ խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է, բայց այդպես էլ չհստակեցրեց, թե որ գերատեսչություններն են բանակցում այս հարցում։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի արգելքներին, ապա դեսպանն արձագանքեց. - «Ես կցանկանայի մի փոքր փոխել տոնայնությունը, Դուք ասում եք «պայմանագիր», «համաձայնագիր», «արգելող»... ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին է։ Հավատացեք ինձ, հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ»:

Այդ լաբորատորիաները գտնվում են Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում։

Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպես են մեկնաբանում ռուսական կողմի հայտարարությունները, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց․ - «Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետները: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»:

Մեկ այլ աղմկահարույց թեմայից ևս «Ազատությունը» հետաքրքրվեց Սերգեյ Կոպիրկինից։ Ինչո՞ւ 102-րդ ռազմաբազային ռուս զինծառայող Ա.Ռ.-ն, ով մեղադրվում է գյումրու բնակիչ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ, չի հանձնվում հայկական կողմին, այլ կալանքի տակ է պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում։

Դեսպանի արձագանքը․ - «Ես ինձ իրավասու չեմ համարում մեկնաբանել Գյումրու գործը։ Դա քննության հարցն է, և, իմ տվյալներով, այդտեղ սերտ համագործակցությունը կա։ Դա իրականացվում է հայաստանյան օրենսդրության և համապատասխան համաձայնագրերի հիման վրա։ Սա այն է, ինչ ես կարող եմ ասել»:

Դեսպանը կոչ է անում չքաղաքականացրել իրավիճակը։ Ըստ նրա, դեռ առաջին օրերին, իր ձևակերպմամբ, որոշակի ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ների կողմից շրջանառվում էր այն միտքը, թե սպանության հետքերը տանում են 102-րդ ռազմաբազա․ - «Եվ դա արվում էր մինչև հետաքննության կողմից որևէ վարկած ընտրելը։ Ինչպե՞ս կարելի է դա անվանել: Արդյո՞ք սա քաղաքականացում չէ։ Սա փորձ է նախ ուղղորդել հետաքննությունը, միայն այսպես կարող եմ դա գնատահել, ինչպես նաև՝ որոշակիորեն ուղղորդել հանրային կարծիքը։ Մենք կտրաականպես դեմ ենք հանդես եկել սրան և չենք հրաժարվում այդ դիրքորոշումից»։

Ռուս դիվանագետից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու մինչև այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններում հաղթելու առիթով։

«Այդ տեսակի շնորհավորանքները ընդունված չեն։ Սովորաբար շնորհավորում են, եթե կա նշանակում», - արձագանքեց Կոպիրկինը։

Նկատենք, սակայն, որ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր էր հղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հանրապետականի հաղթանակի կապակցությամբ՝ առանց սպասելու կառավարության կամ Ազգային ժողովի ձևավորմանը՝ բարեկեցություն և բարգավաճում մաղթելով եղբայրական հայ ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG