«Ինտերֆաքսի» աղբյուրների համաձայն, նա գտնվում է ռուսական ռազմակայանի տարածքում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն հղում է կատարում ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրին և պնդում զինձառայողը պետք լինի ՀՀ քրեակատարողկաան հիմնարկներից որևիցե մեկում. - «Այս գործը պետք է քննեն Հայաստանի իրավապահները: Դա նշանակում է, որ այս գործը քննվելու է ամբողջությամբ Հայաստանի օրենսդրության պայմաններում: Հայաստանի օրենսդրությունը չի ենթադրում հանցագործության մեջ մեղադրվող անձին այլ պետության քրեակատարողականում պահելու ընթացակարգ: Ըստ երևույթին ռուսական կողմը ընկալում է, որ այդ անձը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում և չի արտահանձնում այդ անձին: Բայց սա բավականին մանիպուլյացիա է, որովհետև թե՛ 1995 թվականին ստորագրված ռազմաբազային տեղակայման մասին պայմանագիրը, թե՛ այլ պայմանագրեր ենթադրում են, որ ռազմաբազան Հայաստանի տարածքում է, և ռազմաբազայի տարածքը Հայաստանի տարածք է, և ռազմաբազայի տարածքում Ռուսաստանի օրենսդրությունը և Սահմանադրությունը, որի 41-րդ հոդվածը ենթադրում է, որ իր քաղաքացուն չեն կարող արտահանձնել, գործում է միմիայն այնքանով, որքան դա նախատեսված է հայ-ռուսական պայմանագրերով: Իսկ պայմանագրերով նախատեսված է, որ հանցագործության մեջ մեղադրվող այդ անձին պետք է վարույթ իրականացնեն և դատեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները»:
Դանիել Իոաննիսյանը նշում է, որ հայկական կողմը պետք է հասնի նրան, որ Ռուսաստանը սկսի հարգել հայ-ռուսական համաձայնագրերը:
Մի խումբ ակտիվիստներ այսօր լուռ բողոքի ակցիա անցկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պարզելով «Մի՛ խմիր, մի՛ ծեծիր կնոջը» գրությամբ պաստառ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, որը մինչև այդ կտրուկ հերքել էր ռուս զինծառայողի առնչությունը ողբերգական միջադեպին, այժմ էլ կոչ է անում չքաղաքականացնել տեղի ունեցածը և ցավակցությունն է հայտնում զոհվածի ընտանիքին:
«Ռուսաստանի Դաշնությունը խախտում է հայ-ռուսական միջպետական համաձայնագրերը․․․ սրանից էլ ավելի քաղաքական հա՞րց: Բուն սպանությունը չի քաղաքականացվում, բայց դրան հետևող վարույթը հստակ քաղաքական խնդիրներ ունի», - նշեց Իոաննիսյանը:
Տեղի ունեցածը չքաղաքականացնելու կողմնակից է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ով 2015 թվականին ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանության և դրան հաջորդող դեպքերի ժամանակ եղել է Շիրակի մարզպետը. - «Բոլոր տեղերն էլ պատահում է, որ զինվորը կարող է ռազմաբազայից փախչել․․․ Եթե նայենք ուրիշ ռազմաբազաներ, շատ ավելի շատ դեպքեր են լինում, ուրիշ երկրների տարածքում: Մենք ավելի ցավոտ ենք ընդունում էս բաները և երևի ճիշտ էլ անում ենք: Բայց ամեն դեպքում գնահատականը պետք է տրվի իրավական դաշտում, և պետք չէ այստեղ այլ երանգներ փնտրել»:
Հարցին, թե արդյոք վստահ է, որ իրավական դաշտում հնարավոր կլինի Ռուսաստանի հետ լուծում գտնել՝ հավասարը հավասարի հետ, Ցոլակյանն արձագանքեց․ - «Չեմ կարծում, որ չի լինի»:
Ի պատասխան դիտարկմանը, որ Պերմյակովի դեպքում դա արդեն եղել է, և նա հիմա պատիժը կրում է Ռուսաստանում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ - «Հիմա էղել է: Դեպքը արդեն էղել է, պրծել է: Ես չեմ ուզում նորից փորփրենք, գնանք հետ․․․ Կոնկրետ դեպք է եղել, կոնկրետ դեպքի համար պատասխանատվություն պիտի կրի կոնկրետ արարք: կատարողը»:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ երկու օր է ինչ վերադարձել է արձակուրդից և չի հասցրել հանդիպել ռազմաբազայի հրամանատարության հետ , բայց առաջիկայում պարտադիր նախատեսում է նման հանդիպում․ - «Ընդհանուր լարվածություն կա, ստեղծված է, բայց մենք փորձում ենք այդ լարվածությունը հարթել:
Սարուխանյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե որտեղ է կալանավորված զինծառայողը․ - «Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ այս պահին: Հնարավորինս փորձում ենք չհետաքրքրվել: Խոսել եմ իրենց հետ, իրենք ասել են, որ հիմա ուսումնասիրություններ են կատարում, քննության մեջ են մտնում, փորձում են տեսնել, թե ինչ հանգամանքներում է կատարվել: Դրա համար չեն ուզում բարձրաձայնել: Իմ տեղեկություններով, հարբած է եղել, ինչ-որ ազդեցության տակ է եղել»:
57-ամյա Ղուկասյանը դաժան ծեծի է ենթարկվել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, և մահացել հիվանդանոցում։ Դեպքից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի դատախազությունը հայտարարեց, թե սպանության համար ռուսական ռազմաբազայի զինծառայողը է ձերբակալվել՝ առանց հավելյալ մանրամասների: