Քաղաքական մեկնաբանները պատմական են անվանում երեկ հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճը, թեև 2003 թվականին նախագահի ընտրության մասնակիցների՝ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև հեռուստաբանավեճ եղել է։
«Կարող ենք համարել պատմական, հաշվի առնելով հենց այն, որ միջավայրն ինքը պատմական է։ Այսինքն՝ նախորդ փորձը, որի մասին հիշատակում ենք, տեղի էր ունենում մի իրավիճակում, երբ գործնականում քաղաքականությունը մշակված սցենար էր՝ իշխանության վերևներում մշակված սցենար էր, և անգամ ուժային մեթոդներով այդ սցենարը իրականացվում էր», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: - «Հիմա մենք տեսնում ենք և բոլորի համար ակնհայտ է, որ ամենևին էդ միջավայրը չէ և ազատ մրցակցության միջավայրն է և դրանով արդեն իսկ պատմական է»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը նշում են, որ բանավեճի կայանալը առաջին հերթին կարևոր էր քաղաքական, ինչպես նաև ընտրական մշակույթի կայացման տեսանկյունից։
«Կազմակերպման առումով, վարման առումով, հավասար հնարավորություններ տրամադրելու առումով սա աննախադեպ էր», - «Ազատության» հետ զրույցում գնահատեց Բորիս Նավասարյանը: - «Այս բանավեճից հետո մենք կարող ենք լուրջ խոսել, որ մեր ընտրական գործընթացներում քաղաքական բանավեճի մշակույթը սկսել է զարգանալ»:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ գործող կառավարության փաստացի ղեկավարի մասնակցությունից բացի այս բանավեճի կայացման համար չափազանց կարևոր էր այն կազմակերպող հեռուստաընկերության անկաշկանդ գործելը, ինչը, ըստ Նավասադյանի նախկինում չի եղել, չեն եղել նաև արդար պայմաններով քաղաքական բանավեճեր։
«Եթե լրատվամիջոցը իրեն կաշկանդված է զգում, իրեն զգում է որոշակի քաղաքական շրջանակների մեջ, այն ուղղակի չի կարող կազմակերպել հավասար պայմաններում բանավեճ և դա սցենարով բանավեճ է դառնում, որը, միանշանակ, չի օգնում ժողովրդավարական գործընթացներին և դա է պատճառը, ինչու փորձագետների մեծամասնությունը համարում են, որ այս նախադեպը պատմական նշանակություն ունի», - ասաց Նավասարդյանը:
Ե՛վ Հանրային հեռուստաընկերությանը, և «Ազատություն TV»-ին բանավեճերի կազմակերպման հարցում աջակցած միջազգային փորձագետ Ջեֆֆ Ֆոքսի կարծիքով քաղաքական բանավեճերը հաջող են ստացվում, երբ և՛ բանավեճի հեռարձակողը, և՛ մասնակիցները լավ պատրաստված են լինում, և երբ բանավեճի ձևաչափն է ճիշտ ընտրված լինում։
«Այդ բանավեճի ձևաչափն այնպիսին պետք է լինի, որ գրեթե երաշխավորի արդարություն, հավասարություն ու չեզոքություն։ Սա այն բանավեճն էր, որ ես ակնկալում էի տեսնել, բայց զարմանալի է, որ հայաստանցիներից շատերը մինչև բանավեճը մտահոգված էին ու կարծում էին, որ առաջին դեմքերի բանավեճը բացասական փորձ է լինելու ու վերածվելու էր գոռոցների ու փոխադարձ վիրավորանքների ժամի, բայց դա տեղի չունեցավ», - «Ազատության» հետ զրույցում փաստեց Ֆոքսը:
Անդրադառնալով արդեն բուն բանավեճի բովանդակությանը՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ ավելի քան 3 ժամ տևած բանավեճում հիմնական փոխհրաձգությունները տեղի էին ունենում խորհրդարանում 2-րդ և 3-րդ ուժեր դառնալու հավակնություն ունեցող ուժերի միջև։
«Ինտրիգը այստեղ էր տասը ուժերի մեջ, թե երկրորդ - երրորդ տեղի համար ինչպիսի պայքար կլինի: Այստեղ մենք տեսանք առանձին մենամարտեր՝ «Լուսավոր Հայաստան» ֊ ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» ֊ «Սասնա ծռեր», Հանրապետական հետ և այլն․․․ ընդհանուր պրոցեսի, ամբողջ ընտրարշավի ինտրիգն էր այս երկրորդ - երրորդ տեղը: Առանձնապես ուժերի հարաբերակցության միտումները այս առումով բանավեճը կարծես թե չարձանագրեց, որևէ ուժ մյուսի հանդեպ ընդգծված առավելության չկարողացավ հասնել», - կարծիք հայտնեց Հակոբ Բադալյանը: