9 օր հանրապետության բոլոր մարզերն այցելելուց հետո, մայրաքաղաքում նրա առաջին կանգառը Երևանի մետրոպոլիտենն էր։ Փաշինյանը գնացքից գնացք մտնելով՝ ուղևորներին անձամբ բաժանեց «Իմ քայլը» դաշինքի բուկլետներն ու, իհարկե, լուսանկարվեց շատերի հետ։
«Հանրապետության հրապարակ»-ից «Երիտասարդական», այնուհետև «Մարշալ Բաղրամյան» ու «Բարեկամություն»։ Ու մինչև կգար նոր գնացքը, հավաքված քաղաքացիների հետ զրուցելով, Փաշինյանը նկատեց, որ կես ժամ մետրոյով երթևեկելով արդեն հանդիպել է մի քանիսին, ովքեր արտերկրից հայրենիք են վերադարձել մշտական բնակության․ - «Կես ժամ է, և արդեն չորրորդ մարդուն եմ հանդիպում։ Մի զույգ էր, որ Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան՝ մշտապես բնակվելու, հաջորդը Իրանից, Բեյրութից և Կանադայից»:
Քարոզարշավի օրերն ու հանդիպումները քաղաքացիների հետ Փաշինյանը փայլուն որակեց։ «Ազատության» դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր ընտրապայքարը բնութագրում են որպես քարոզարշավ «Իմ քայլի» և Հանրապետականի միջև, որն անցնում փոխադարձ մեղադրանքներով, Փաշինյանն արձագանքեց. - «Էս ընթացքում ամենաշատ մեղադրանքը, որ ստացել եմ քաղաքացիներից, այն է, որ նրանք մեղադրում են կառավարությանը, որ հանրապետականները դեռ շարունակում են Հայաստանում այդպես ազատորեն հողորտալ»:
Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խորհրդի նիստին։
Վաղը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում պետք է կայանար նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը սակայն հետաձգվել է։ Երեկ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով:
Ի պատասխան «Ազատության» հարցի, Փաշինյանն այսօր «տարօրինակ» որակեց այս հայտարարությունը․ - «Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել․․․ ոչ էլ առաջարկությամբ: Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»:
Փաշինյանի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի կոնսենսուսով։ Բայց ինքն անձամբ առիթը բաց չի թողնի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու դեպքում անպայման կքննարկի նրա վերջին հայտարարությունները ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեմային առնչվող։
Մետրոպոլիտենից հետո, բայց արդեն առանց լրագրողների, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը ուղևորվեց Երևանի վարչական շրջաններից մեկն ու դռնեդուռ թակելով քարոզարշավ իրականացրեց։
Շենքից դուրս գալով վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավը շարունակեց հասարակական տրանսպորտում։ Ավանից 54 համարի ավոտբուսով Նիկոլ Փաշինյանն իջավ կենտրոն, անգամ մնաց խցանման մեջ։
Գործադիրի ղեկավարին ավտոբուսում հանդիպած ուղևորների հարցերը շատ էին՝ կրթությունից մինչև նոր տրասպորտային համակարգի ներդրում։
Ավտոբուսի ուղևորներին Նիկոլ Փաշինյանը նաև հեիշեցրեց՝ այսօր երեկոյան Հանրայինի ուղիղ եթերով մեծ բանավեճ է սպասվում՝ առաջին դեմքերի մասնակցությամբ։