Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերը» առաջնահերթ է համարում Սահմանադրության փոփոխությունը


«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզի մի քանի համայնքներում քարոզարշավ իրականացրեց։

Արթիկում կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը կրկին ընդգծեց, որ առաջնահերթ է Սահմանադրության փոփոխությունը, որն էլ, «Սասնա ծռերի» կարծիքով, հանգեցնելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

«Թեպետ անցյալի համեմատ շատ ավելի որակյալ լինելիք խորհրդարանը էլի չի համապատասխանելու մեր առջև ծառացած մարտահրավերներին, որովհետև, ինչպես տեսնում եք, հնի ուժերն են փորձում սողոսկել, պայմաններն են դեռևս ոչ բավարար՝ հին օրենքներով, հին Սահմանադրությամբ», - իր ելույթում մեկնաբանեց Ավետիսյանը: - «Դրա համար ենք մենք համոզված, որ երկու տարի հետո մենք պետք է թույլ չտանք, որ ճգնաժամ ձևավորվի և հաղթահարենք դա Սահմանադրության ընդունմամբ և նոր արտահերթ ընտրություններով»:

Ինչպես մարդը չի կարող մի ոտքի վրա հենվել, այնպես էլ պետությունը՝ մեկ քաղաքական ուժի, ընդգծեց Ավետիսյանն ու հավելեց՝ անհրաժեշտ է, որ պետությունն ունենա առնվազն երկու քաղաքական բևեռ:

Վարուժան Ավետիսյանը խորհուրդ տվեց նայել, թե քաղաքական ինչ ուժեր են հավակնում 2-րդ բևեռ դառնալ ու հորդորեց ճիշտ ընտրություն կատարել: - «Հիմա մի քաղաքական ուժը հայտնի է, մյուսը պետք է լինի այնպիսին, որ նրան հավասար չափով, ձևով կարողանա ծառայել որպես պետության և ազգի հենարան», - նշեց նա՝ խորհուրդ տալով հեռու մնալ մարտի 1-ից հետո կոալիցիա կազմած ուժերից: Ինչ վերաբերում է նոր կուսակցություններին՝ Ավետիսյանի կարծիքով դրանք «ցավոք սրտի դեռ չեն կարողացել ոտքի կանգնել»: - «Մնում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը», - փաստեց այդ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը:

Տասնամյակներով թալանածը պետք է վերադարձվի ու ներդրվի տնտեսության մեջ: Տարեկան 1-2 հազար աշխատատեղ բացելով կամ չնչին չափով թոշակ ու նպաստ բարձրացնելով՝ հարց չի լուծվի, ասում է Ավետիսյանը: «Սասնա ծռերը» արմատական փոփոխություններ են առաջարկում․ - «Շատ սկզբունքային ենք մոտենում արդարության հարցին․ ոճրագործները պետք է պատասխան տան, ովքեր այսքան տարի կեղեքել են մեր ժողովրդին»:

Ցուցակի 2-րդ համարը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ու Հայաստանի նախկին իշխանությունների որդեգրած կեցվածքից: Հիմա ևս, ըստ քաղաքագետի, փորձ է արվում ներկայիս իշխանություններին ճնշել տարածքների զիջման հարցում․ - «Խնդրում եմ ձեզ ձայնը տալ «Սասնա ծռերին», որ ոչ մի «Լավրովի պլան» չիրականացվի, ոչ մի պլան, որը իր մեջ պարունակում է տարածքների հանձնում: Մենք կյանքում թույլ չենք տա, որ մեկի մտքով անցնի տարածքների հանձնումը»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ իրենք գնում են խորհրդարան կառավարությանը վերահսկելու, որպեսզի իշխանությունը սխալներ թույլ չտա․ - «Կառավարությունը բաղկացած է երիտասարդներից: Փորձ չունեն, սխալներ են անում: Ո՞նց աշխատացնենք․ մի հասարակ ձև կա՝ վերահսկել, կանչել Ազգային ժողով, պահանջել, որ աշխատեն: Նաև դա է պատճառը, որ մենք գնում ենք: Հարգելով կառավարությանը, նշելով կառավարության դրականը և բացասականը, մենք ասում ենք՝ երկրորդ բևեռ պետք է լինի»:

«Սասնա ծռերը» Շիրակի մարզում իրենց եզրափակիչ հանդիպումն անցկացրեցին Գյումրիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG