Մատչելիության հղումներ

«Սահմանադրություն փոխելը, պետական կառավարման համակարգ փոխելը պետք ա արդարացված լինի»․ Փաշինյան


ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»֊ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության «գլոբալ փոփոխության» անհրաժեշտություն չի տեսնում: Փաշինյանն այս մասին խոսեց Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ:

«Սահմանադրություն փոխելը, պետական կառավարման համակարգ փոխելը պետք ա արդարացված լինի», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ գործող Սահմանադրությունը փաստացի ուժի մեջ է ընդամենը 7 ամիս: - «Էկեք թողնենք մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք ա կառավարման խորհրդարանական համակարգը փոխել, նորից վերադառնալ նախագահական համակարգ՝ իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան: Եթե դուք դա ուզեք՝ մենք դա կանենք»:

Այդուհանդերձ, Փաշինյանի կարծիքով Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պետք է փոխել: - «Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում ա, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինել միայն էն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ խնդիր ունենք մենք այս ձևակերպման հետ․ եթե պատգամավորի դեպքում էս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու համար»,- մանրամասնեց նա:

Հիշեցնելով, որ շատերը, այդ թվում նաև անձամբ ինքը գործող սահմանադրությունը «սուպերվարչապետական» են որակել, Փաշինյանը նկատեց․ - «Մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք ա ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որ մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց էս նպատակի հետևից գնալիս պետք ա ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր ա չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետության մեջ լինել էնպես, որ հստակ չլինի, թե ով ա երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ ա երկրի համար: Այո, էս Սահմանդրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG