«Իմ քայլը» դաշինքը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի հետ այսօր Սյունիքի մարզում էր։ Հիմնական ուղերձն այն էր, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է ամրագրվի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։
Նիկոլ Փաշինյանը նաև ամփոփեց յոթ ամիսների իրենց աշխատանքը՝ նշելով, որ քաղաքական հեղափոխությանը ընտրություններից հետո պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, որի բոլոր նախադրյալները կան։
«Այս տարի 10 ամիսների տվյալներով Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «Բուսական ծագման արտադրանք» վերնագրի ներքո, այսինքն՝ գյուղատնտեսական մթերք, արտադրվել է 10 ամիսների տվյալներով 80 միլիոն դոլարի։ Նախորդ ամբողջ տարի արտահանվել է 49 միլիոն դոլարի։ Այսինքն՝ էս տարվա 10 ամսվա տվյալը արդեն նախորդ ամսվա տվյալներին, տարեկան տվյալներին գերազանցում է 61 տոկոսով», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքային ձևաչափով ելույթներ ունեցավ Մեղրիում, Քաջարանում։
Քաջարանի հանրահավաքին նա տեղեկացրեց՝ Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում գտնվող, սեփականաշնորհվել են և օտարվել են կեղծ մրցույթների միջոցով։
«Հատուկ քննչական ծառայությունը արդեն իսկ պաշտոնապես դիմել է տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի տարածքային կառավարման նախարարությունը Արմավիրի մարզի և Տավուշի մարզի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները, քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, դիմեն դատարաններ, և այդ գույքը ամբողջ վերադարձվի համայնքներին։ Որպեսզի ծավալները պատկերացնեք, ես ձեզ ասեմ՝ 40 օբյեկտի մասին է խոսքը։ Օրինակ, միայն Արմավիրի մարզում 475 հեկտար հողատարածք, տարբեր նշանակության՝ գյուղատնտեսական նշանակության, քաղաքային նշանակության, կվերադարձվի համայնքներին։ Դիլիջանում առողջարան կվերադարձվի համայնքներին։ Եվ ինչպես և մենք խոստացել ենք, քայլ առ քայլ, ժողովրդից, հանրությունից, պետությունից գողացվածը, ամբողջը հետ ենք բերելու և թույլ չենք տա, որ ժողովրդից գողացված լումա անգամ անհետևանք մնա», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Կապանի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի և Իրանի հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանցում կնճիռներ չկան։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ քիչ չեն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերանորոգվելու է Իրանի հետ սահմանային անցակետը։ Կստեղծվի ժամանակակից մաքսատուն և հսկիչ անցակետ, ինչն էլ ավելի կակտվացնի երկու երկրների հարաբերությունները։
Կառավարության ղեկավարը երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորեց նաև միջպետական ճանապարհների բարվոք վիճակը։ Այս առումով Փաշինյանը անդրադարձ կատարեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհին. - «Հյուսիս-հարավի հետ կապված բավականին պրոբլեմներ կան: Քրեական գործ է հարուցված 25 միլիարդ դրամի չարաշահումների կապակցությամբ, ինչքան գիտեմ՝ արդեն իսկ կոնկրետ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, և մենք բոլոր միջոցները ձեռնարկելու ենք, այսինքն՝ ոչ թե բոլոր միջոցները ձեռնարկելու ենք, օրինական ընթացակարգերով պետք է վերականգնենք պետությանը և հանրությանը հասցրած վնասը։ Հյուսիս-հարավի հետ կապված մեկ ուրիշ պրոբլեմը հետևյալն է, որ ըստ էության, չնայած բարձրաձայնվում էր այդ նախագծի մասին, բայց ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչև էսօր նախագծված չեն։ Ի՞նչ է նշանակում դա՝ դա նշանակում է, որ մենք մինչև էս պահը ռեալ չգիտենք, թե էդ նախագիծը ծայրից ծայր ինչքան է արժենալու»։
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցը ավարտեց Գորիս քաղաքում։
«Մենք պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում քրտնաջան աշխատենք, համատեղ աշխատենք աղքատությունը հաղթահարելու համար, և մենք աղքատության հաղթահարումը պատկերացնում ենք տնտեսական հեղափոխության միջոցով։ Տնտեսական հեղափոխությունը պահանջում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրի ջանքը, և մենք նաև քաղաքացիներին, ձեռներեցներին հնարավորություն տալու համար, նոր հնարավորություններ տալու համար նախաձեռնում ենք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ և մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից, այդ թվում նաև Գորիս քաղաքում», - նշեց կառավարության ղեկավարը։
Վաղը Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ կլինի Սիսիանում և օրվա երկրորդ կեսին կլինի Վայոց ձորի մարզում, կայցելի մի շարք քաղաքներ։
Նիկոլ Փաշինյանը օգտվել է չվճարվող արձակուրդի իրավունքից՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։ Նրա արձակուրդը մինչև դեկտեմբերի 5-ը կշարունակվի, իսկ դեկտեմբերի 6-ին արդեն վարչապետի պաշտոնակատարը պետք է լինի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այսօր նա վերահաստատեց, որ այդ հավաքին ներկա է գտնվելու ինքն անձամբ և ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ինչպես մամուլում տեղեկություններ էին տարածվել։
Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի հանրահավաքների ընթացքում ուղեկցում էր նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը, ով, սակայն, Փաշինյանի և թիմակիցների հետ բեմահարթակ չէր բարձրանում և հանրահավաքին հետևում էր լրագրողների համամր նախատեսված վայրից։
Հունան Պողոսյանը Մեղրիում նաև կարճ հանդիպում ունեցավ վարչապետի պաշտոնակատարի հետ լրագրողների համար փակ ֆորմատով։