«Լուսավոր Հայաստան»-ը ապագա՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում լինելու է իշխանության հակակշիռ ուժը: Այսպիսի համոզմունք հայտնեց կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, այսօր Վանաձորում պատասխանելով «Ազատության» հարցին՝ խորհրդարանում որպես ընդդիմությո՞ւն են ներկայանալու, թե՞ որպես իշխանության կոալիցիոն գործընկեր:
«Իշխանությունը կոալիցիաների կարիք չունի, և մենք չենք պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել արհեստական, պատեհապաշտական նկրտումներով: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը էդ կուսակցությունը չի: Մենք կարող էինք լինել կառավարությունում միասին, լինել նույն դաշինքում, բայց դրա իմաստը չկա, քանի որ այդ ուժը ունի բավարար աջակցություն: Եթե մի ուժ Երևանի ընտրություններին ստանում է 80 տոկոս ձայն, էդ ուժը որևէ ուժի, կոալիցիոն գործընկերոջ կարիքը չունի», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Բայց երկիրը կարիք ունի հակակշիռ ունենալու, փոխզսպիչ քաղաքական միավոր ունենալու, որը այլընտրանք կլինի, որը հակակշիռ կլինի և կլինի ընդդիմադիր բևեռը ապագա խորհրդարանում»:
Ծնունդով վանաձորցի Մարուքյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով էր առաջադրվել և պատգամավոր ընտրվել՝ պարտության մատնելով Հանրապետականի թեկնածուին: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրություններին, երբ Մարուքյանն արդեն հանդես էր գալիս իր հիմնադրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ, ռեյտինգային ընտրակարգով մարզից որևէ պատգամավոր չընտրվեց: Հանդիպման ընթացքում Մարուքյանը արձանագրեց այս փաստը, հույս հայտնելով, որ այս անգամ, երբ երկրում արդեն իրավիճակ է փոխվել, նույն պատկերը էլ չի կրկնվի:
«Լոռու մարզը պետք է ցույց տա, որ սկզբունքային դիրքորոշում ունի տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ: Այ մենք ասում ենք, որ հեղափոխությունը ունի իր կանոնները, հեղափոխական ուժը դա առաջին ուժն է՝ իշխանափոխություն անող, հեղափոխություն անող ուժը դա առաջին ուժն է, բայց երկրորդը պիտի լինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ իր անցած ճանապարհով, իր ներդրումով, իր մոտեցումներով, իր սկզբունքներով, իր պրոֆեսիոնալ կադրերով, իր թիմով», - հայտարարեց կուսակցության առաջնորդը:
Խոսելով իրենց ծրագրերից՝ Մարուքյանը նշեց մարզերի համաչափ զարգացումը, շեշտելով, որ նախկինում գործող դոտացիոն համակարգը այլևս նույն մեխանիզմով չի աշխատելու․ - «Այն դոտացիոների համակարգը, որ այսօր գործում է, որ «որ համայնքը շատ փող է հավաքում՝ նրան շատ փող ենք տալիս, որ համայնքը քիչ է հավաքում՝ նրան քիչ փող ենք տալիս», և այնպես է ստացվում, որ միայն Երևանն է, որ պետությունից կարողանում է այնքան դոտացիա ստանալ, որ այնտեղ, օրինակ, մանկապարտեզները անվճար են, իսկ Վանաձորում, Գյումրիում և մյուս վայրերում մանկապարտեզները վճարովի են: Հիմա, մարդիկ ասում են՝ «բա մենք ի՞նչ մեղք ունենք, որ Երևանում չենք ապրում, ինչո՞ւ է այստեղ վճարովի»: Այսինքն, մենք ոչ թե առաջարկում ենք Երևանում դարձնել վճարովի, այլ առաջարկում ենք մյուս քաղաքներում նույնպես պետական աջակցությամբ այնպես անել, որ երեխաները մանկապարտեզ գնան անվճար: Սա օրինակներից մեկն է»:
Ընտրողներին կոչով դիմեց Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, ով Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Նա մասնավորապես հայտարարեց, որ իրենք հեղափոխությունը սկսել են դեռ 2012-ին․ - «Հեղափոխությունը մենք սկսել ենք 2012 թվականին, շարունակել ենք 16 թվականին: Էն ժամանակ, որ մենք պայքարում էինք՝ Հանրապետականի իշխանությունից ազատվելու տեղական մակարդակում, հետո՝ երկրի մակարդակում, ասում է՝ «էն ժամանակ դուք չկայիք»․ «դուք»-ը ձեր մասին չի խոսքը՝ էն մարդկանց [մասին է], ովքեր էսօր ի հայտ են եկել և փորձում են ցույց տալ, որ իրենք միշտ եղել են, միշտ աշխատել են երկրի շենացման օգտին, բայց, որպես կանոն, մենք գիտենք, որ փորձ է արվում իրենց վերագրել էն ամեն ինչը, ինչ որ արվել է մյուս կուսակցությունների կամ մյուս քաղաքական գործիչների կողմից»:
Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը ներկա էին կուսակցության կողմից Լոռու մարզում առաջադրված 14 ռեյտինգային թեկնածուները:
Այսօր ավելի վաղ «Լուսավոր Հայաստան»-ի թիմը հանդիպումներ էր ունեցել նաև Ապարանում և Սպիտակում: